Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ, նախկին նախագահ Մասուդ Բարզանին քննադատել է Իրաքի խորհրդարանի՝ 2018 թվականի բյուջեի օրինագիծը հաստատելու որոշումը՝ անտեսելով Քուրդիստանի առարկությունները: Բարզանիի կարծիքով՝ որոշում ընդունելու ժամանակն է, փոխանցում է Kurdistan.ru պորտալը: 

Բարզանիի խոսքով՝ քրդական խմբակցության բացակայությամբ բյուջեի օրինագծի հաստատումը քաղաքական գործընկերության, կոնսենսուսի ու հավասարակշռության եւ երկրի Սահմանադրության աղաղակող խախտում է: «Սա Քուրդիստանի ժողովրդի վրա պարբերական ճնշում է»,- նշված է Բարզանիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է 1991 թվականին այդ տարիների Իրաքի «Բաաս» կուսակցության ռեժիմի դեմ Քուրդիստանում ապստամբության տարեդարձին նվիրված:

Բարզանիի կարծիքով՝ Իրաքի խորհրդարանի գործողությունները բացահայտում են Իրաքի իշխանության իրական դեմքը, որոնց հետ քրդերը հիմա ստիպված են գործ ունենալ, եւ հիմա աշխարհը կարող է տեսնել Իրաքի իշխանությունների իրական դեմքը: «Ժամանակն է, որ Քուրդիստանի բոլոր խմբակցությունները հանդիպեն եւ հավաքական ու համապատասխան որոշում ընդունեն ի պատասխան Իրաքի խորհրդարանի գործողությունների»,- կոչ է արել Բարզանին:

Իրաքի խորհրդարանը հավանություն է տվել 2018 թվականի բյուջեի օրինագծին՝ առանց քուրդ ներկայացուցիչների մասնակցության, որոնք բողոքում էին Սահմանադրությամբ հասանելիք 17 տոկոսի փոխարեն՝ Քուրդիստանին երկրի բյուջեից 12 տոկոս հատկացնելու դեմ: