Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի համապատասխան վարչություններին եւ բաժիններին հանձնարարվել է նախապատրաստել մայրաքաղաքում գարնանային զբոսաշրջության խթանման միջոցառումների ծրագիր:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ այդ համատեքստում, մասնավորապես հաշվի առնելով նախորդող տարիներին մարտ ամսի վերջին տասնօրյակում արձանագրվող իրանցի զբոսաշրջիկների զգալի հոսքը դեպի Երեւան, աշխատակազմի տուրիզմի բաժնին հանձնարարվել է նախապատրաստվել մարտի 21-31-ը «Երեւան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային ծրագրի գործարկմանը: Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությանն էլ հանձնարարվել է տուրիզմի բաժնի հետ մշակել եւ մայրաքաղաքում տեղադրել թեմատիկ վահանակներ:

Հանձնարարականներ են տրվել նաեւ աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ տրանսպորտի վարչություններին, ինպես նաեւ հասարակական կարգի պահպանության ծառայությանը՝ համագործակցելով ՀՀ ոստիկանության հետ, ուժեղացնել հսկողությունը մայրաքաղաքի տարածքում գործող զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում: