Եվրոպայի շատ երկրներում բնական է համարվում խանութ, սրճարան կամ ռեստորան գնալ ընտանի կենդանու հետ: Մթերային խանութները բացառություն չեն: Հաճախ կարելի է նկատել, ինչպես են տերերը սուպերմարկետներում կենդանիների հետ մթերքներ ընտրում:

Հայաստանում այս կարգն ընդունված չէ եւ ընտանի կենդանու հետ խանութ մտնելու փորձը կարող է տհաճ տեսարանով ավարտվել: Բարեբախտաբար, դանդաղ, բայց երկրում կենդանական աշխարհի հանդեպ վերաբերմունքը փոխվում է եւ հաճախ դրան նպաստում են առանձին  «պիոներները»:

 «Պիոներներից» մեկի հետ հանդիպել եւ զրուցել են NEWS.am-ի թղթակիցները:

Հունվարի վերջին Երեւանում բացվեց սրճարան-տատու ստուդիա «Canvas»: Կենդանիների սիրահարների շրջանում բացման լուրը շատ արագ տարածվեց, չէ որ այստեղ կարելի է ընտանի կենդանու հետ գալ:

Այցելուները հայտնվում են սրճարանում Հյուսիսային պողոտայից, իսկ դռանը մոտենալով կարելի է պատուհանագոգին քնած բենգալյան կատվի տեսնել:

Այցելուներին դիմավորում է կարճ սանրվածքով համակրելի մի աղջիկ: Նա սեփականատերն է (ամուսնու՝ Կարենի հետ) եւ սրճարան-ստուդիայի ստեղծողը: Հայաստանում նման սրճարան-ստուդիան դեռ միակն է:

 «Ես երկու շուն եւ կատու ունեմ: Իմ փորձից գիտեմ, որ երբ շների հետ դուրս ես գալիս զբոսնելու, ուզում ես սրճարան մտնել: Բայց փակ սրճարաններում կենդանիների հետ մուտքն արգելված է, բաց սրճարաններում էլ շատ հաճախ թույլ չեն տալիս կենդանիների հետ մտնել: Ուստի որոշեցինք, որ ուզում ենք ընլերների համար ընտանեկան սրճարան ստեղծել եւ անպայման այնպիսի ձեւաչափով, որը Հայաստանում դեռ չկա», - պատմել է Հասմիկը:

Արդյունքում բացվել է սրճարան-ստուդիան, որտեղ ցուցադրվում են երիտասարդ նկարիչների ստեղծագործություններ եւ շուտով տատու սրահ կբացվի:

Սրճարանում ծխողների եւ չծխողների սրահներ կան:

 «Կենդանու չափերը կարեւոր չեն: Կարեւոր է, որ կենդանին ագրեսիվ չլինի մյուս կենդանիների եւ մարդկանց նկատմամբ», -նշում է Հասմիկը:

Սրճարանում գերիշխում է կանմաչ գույնը: «Canvas» անգլերենում նշանակում է կտավ:

 «Գույներն ուզում էինք այնպես անել, որ բնությանը առավելագույնս մոտ լինի եւ պարզ ինտերիեր: Փորձել ենք որքան հնարավոր է բարի աուրա ստեղծել», - պատմում  սրճարանի սեփականատերը:

 «Հետո նվեր ստացանք կարմրակատարներ: Նրանց ամռանը պատրաստվում ենք բաց թողնել: Մեր ընկեր օրնիտոլոգը նրանց օգնում է ձմեռն անցկացնել, հետո ամռանը բաց է թողում: Հետո ծովային խոզուկի նվեր ստացանք»:

Սրճարանի այս հատվածի գլխավոր կերպարը 2 տարեկան բենգալյան կատուն է: Հասմիկն արդեն 8 տարի կենդանիների պաշտպանների խմբում է: Միմին Հասմիկի մոտ պատահական է հայտնվել՝ հայտարարությամբ:

«Ես սֆինքսի էի շատ ուզում: Բայց հայտարություն տեսա, որ բենգալյան կատվի համար տեր են փնտրում եւ չդիմացա: Սկզբում վախենում էի, որ շները կատվի հետ լեզու չեն գտնի, բայց ամեն ինչ լավ եղավ: Հիմա նրանք ընկերացել են, հատկապես էգ շան հետ: Այժմ Միմին մեր սրճարանի փիար մենեջերն է: Այցելուների 90 տոկոսը գալուց առաջ զանգում եւ հարցնում է՝ Միմին սրճարանու՞մ է: Հաճախ անցորդները մտնում են՝ Միմիին պատուհանագոգին տեսնելով:

 «Կարծում եմ այնպիսի սրճարանները, որտեղ այցելուները կարող են  գալ եւ շփվել կենդանիների հետ, հիմնականում դաստիարակչական  գործառույթ ունեն: Հաճախ է լինում, որ մարդու մոտ ինչ-որ պատճառներով վախ է լինում: Այսպիսի սրճարանները նրան այդ վախը հաղթահարելու հնարավորություն են տալիս», - ժպտալով ասում է Հասմիկը:

«Իմ շներն էլ են շատ հանգիստ: Երեխայի բնությանը բոնորոշ չէ կենդանիներից վախենալ: Եվ երեխայի մոտ վախը հիմնականում սխալ դաստիարակության արդյունք է: Ծնողները, որոնք երեխաներին շներով են  վախեցնում, շատ սխալ են իրենց պահում: Երբ երեխաները մեծանան, նույն կերպ են վարվելու: Եվ հիգենայի հարցերը հաճախ սխալ կերպ են ներկայացվում: Եթե կենդանին պատվաստված է, մաքուր եւ խնամված, այն մարդու համար չի կարող վտանգ ներկայացնել», - ընդգծում է Հասմիկը:

 «Իմ ծնողներն էլ են սիրում կենդանիների, մեր տանը միշտ կենդանիներ են եղել»:

Որպես կենդանիների հանդեպ հասարակության վերաբերմունքի օրինակ Հասմիկը նշեց, որ Թուրքիայում իրավիճակն ավելի լավ է, քան Հայաստանում:

 «Փողոցներում կերի համար ապարատներ կան: Գիշերները կենդանիներին խանութ են թողնում: Մեզ մոտ մատների վրա կարելի է հաշվել խանութների նման սրտացավ տերերի», - ասել է Հասմիկը: