Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` մարտի 5-ին, մեկնարկեց 9 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող նախկին դատախազ Խաչատուր Բաղդասարյանի գործով առաջին նիստը: Ամբաստանյալ Խաչատուր Բաղդասարյանի շահերի պաշտպան Կարեն Հակոբյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը ցանկանում է գործում երկրորդ պաշտպան ունենալ եւ միջնորդեց նիստը հետաձգել:

Դատարանը պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարեց եւ դատական նիստը հետաձգեց մինչեւ ապրիլի 9-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի իրավապահները միայն 5 տարի անց են կարողացել հայտնաբերել 9 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող եւ հետախուզվող ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանին: Նրա նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել էր 2012 թվականից: Բաղդասարյանը քաղաքացուց 9 հազար դոլար է պահանջել՝ նրան սեփականության կեղծ վկայական տրամադրելու համար: Այդ ժամանակ նրան մեղադրանք էր առաջադրվել նրան եւ հայտարարվել հետախուզում: Նախկին ավագ դատախազին օրերս հայտնաբերել են Ուկրաինայում եւ նոյեմբերի 24-ին տեղափոխել Հայաստան: Խաչատուր Բաղդասարյանը կալանավորված է:

Խաչատուր Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ  311 -րդ հոդվածի    4    մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ Կաշառք ստանալը: