Մյանմարը շարունակում է ռոհինջա մահմեդականների «էթնիկ զտման» քաղաքականությունը՝ Ռակհայն նահանգում այս ցեղի ներկայացուցիչներին ենթարկելով «ահաբեկչության եւ սովի»։ Այս մասին հաղորդել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի մարդու իրավունքների հարցով օգնական Էնդրյու Գիմորը, հաղորդում է «Նեմեցկայա վոլնան»։

Հակամարտության սկզբից ի վեր 700 հազար ռոհինջա մահմեդականներ, Մյանմարից հեռանալով, ապաստանել են Բանգլադեշում։ Գիլմորի խոսքով, վերջին ժամանակներս բռնության բնույթը փոփոխվել է՝ «դաժան արյունահեղությունն ու զանգվածային բռնաբարություններն» իրենց տեղը զիջել են ահաբեկման եւ սննդից զրկելու արշավին։

Օգոստոսի վերջին Մյանմայի կառավարական ուժերը Ռակհայն նահանգում բնակվող ռոհինջա մուսուլմանների մեջ եղած իսլամիստ գրոհայինների դեմ ուղղված ռազմական օպերացիա են սկսել: Այդ գործողությունների հետեւանքով զոհվել է մոտ 400 մարդ՝ 370 գրոհային, 15 մյանմացի զինվոր, 14 խաղաղ բնակիչ:

Հազարավոր ռոհինջա մահմեդականներ փախել են Բանգլադեշ: Հումանիտար կազմակերպությունները անհանգստացած են  նրանց կյանքի համար՝ կապված եղանակային ծանր պայմաններով, ջրի եւ սննդի պակասուրդով։

Ռակհայն նահանգում ռոհինջաների ու բուդդիզմ դավանող տեղացիների միջեւ կոնֆլիկտը շարունակվում է մի քանի տասնամյակ: