Ազգային կինոկենտրոնն այլեւս ֆիլմերի արտադրությամբ չի զբաղվելու, դրանով կզբաղվեն կինոարտադրող ընկերությունները: Այս մասին այսօր` մարտի 6-ին, ֆիլմերի ֆինանսավորման ընտրության նոր կանոնակարգի եւ ոլորտի հիմնախնդիրների թեմայով ասուլիսին ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը:

«Կանոնակարգը հետեւյալն է. մենք ստեղծելու ենք տեխնիկական հանձնախումբ, որի անդամներն ընտրվում են Կինոկենտրոնի կազմից, կարող են լինել նաեւ հրավիրված անդամներ` 3-ից 5 անձ ամեն անվանակարգում: Հանձնախմբերը կունենան գեղարվեստական ֆիլմերի, անիմացոն եւ վավերագրական ֆիլմերի անվանակարգեր»,- ասաց նա:

Շուշանիկ Միրզախանյանի խոսքով` տեխնիկական հանձնախումբը պետք է ստուգի հայտերի ճիշտ ներկայացման ձեւաչափը, տեխնիկական եւ իրավական բոլոր կողմերը, որից հետո այդ հայտերը կներկայացվեն արդեն գեղարվեստական հանձնախմբին:

«Ամեն մի անվանակարգ ունենալու է իր գեղարվեստական հանձնախումբը, որը բաղկացած է լինելու 5 անդամից, եւ տվյալ հանձնախումբն ինքն է ընտրելու իր ղեկավարին: Գեղարվեստական ղեկավար չի լինելու, քանի որ Կինոկենտրոնն այլեւս ստեղծագործական գործունեություն չի ծավալելու»:

Նոր կանոնակարգ է մշակվել նաեւ ֆիլմերի ֆինանսավորման համար: «Գործընթացը հետեւյալ կերպ է կազմակերպվելու. մենք դիմելու ենք մեր հասարակական միություններին, ինչպիսիք են «Կինոակադեմիան», «Կինոմիությունը», գրողների, կոմպոզիտորների, նկարիչների միությունները, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ներկայացուցիչներ կներկայացնի՝ 3-ից 5 անձ, հետո Կինոկենտրոնում մենք կստեղծենք նոր հանձնախումբ, որն արդեն վիճականահանությամբ կկազմավորվի: Դրանից հետո այդ հանձնախմբերը կսկսեն քննարկել հայտերը, որոնք անանուն են ներկայացվելու, այսինքն՝ ռեժիսորների, սցենարիստների եւ ստեղծագործական խմբի մյուս անդամների անունները չեն նշվելու: Հանձնախմբերը հայտերին ծանոթանալուց չեն իմանալու՝ ում հայտն եմ ուսումնասիրում»:

Շուշանիկ Միրզախանյանը նշեց, որ ֆիլմարտադրության ֆինանսավորման 30 տոկոսը պետք է տրվի դեբյուտային ֆիլմերին: