Ազգային կինոկենտրոնում գործելու է աջակցման բաժին, որը զբաղվելու է ներքին կինորատադրողներին տարբեր հարցերում աջակցելու, ուղղություն ցույց տալու խնդիրներով: Այս մասին այսօր` մարտի 6-ին, ֆիլմերի ֆինանսավորման ընտրության նոր կանոնակարգի եւ ոլորտի հիմնախնդիրների թեմայով հրավիրված ասուլիսին ասաց Ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար Արսեն Բաղդասարյանը:

«Աջակցման կենտրոնը, օրինակ, ունի սցենարի զարգացման բաժին, որը դասընթացների միջոցով կամ խորհրդատվությամբ օգնում է, որ պահանջներին համապատսխան լավագույն սցենարները գրվեն: Մյուս ճյուղը նախահաշվի ստեղծման կամ զարգացման բաժինն է, որը պետք է զբաղվի բոլոր ֆիլմերի բյուջեների նախահաշիվներով: Մյուսը նախագծի զարգացման բաժինն է, որը ներկայացնում է, այսպես ասած, ֆիլմի «բիզնես պլանը»՝ ստեղծումից մինչեւ ֆիլմի առաջխաղացում: Հաջորդ ճյուղը դիստրիբյուցիան է. այն 2 մասնագետ ունի` ներքին եւ արտաքին: Ներքինը զբաղվում է ֆիլմի տարածմամբ Հայսատանի շուկայում, իսկ արտաքինը ժապավենները ներկայացնելու է դրսում: Վերջին ուղղությունը կրթական ծրագիրն է. այն շատ կարեւոր է, քանի որ Հայաստանում կինոոլորտի լավ մասնագետների կարիք կա»,- ասաց Արսեն Բաղդասարյանը:

Նա նաեւ հավելեց, որ վարպետության դասընթացներ են կազմակերպվելու՝ 3-6 ամիս տեւողությամբ:

ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ նշեց, որ կինոկենտրոն դիմող յուրաքանչյուր ֆիլմի նախագիծ պետք է անցնի աջակցման կենտրոնով, որպեսզի ֆիլմի համապատասխանեցվեն բոլոր չափանիշներին: