Շվեյցարիան նախկինի պես համոզված է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ցանկությունն ամենակարեւոր գործոնն է տարածաշրջանում կայունության եւ խաղաղ ապագայի համար: Այս մասին նշվում է Շվեյցարիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ՝ ի պատասխան NEWS.am-ի խնդրանքին մեկնաբանել հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին ՀՀ նախագահի որոշումը:

«Շվեյցարիան հաշվի է առնում, որ 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները չեն վավերացվել Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից եւ որ այդպիսով այդ գործընթացը պաշտոնական մակարդակում դադարեցվել է», - նշվում է արտաքին գործերի Դաշնային դեպարտամենտի հայտարարությունում: Նշենք, որ հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել էին Շվեյցարիայի միջնորդությամբ:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ 2009 թվականից ի վեր երկու երկրների հասարակություններում ավելի ու ավելի են գիտակցում հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը: ԱԳՆ-ում հիշեցնում են, որ «համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծմանը, դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը եւ սահմանների բացմանն ուղղված արձանագրությունների ստորագրումից հետո բազմաթիվ շփումներ են եղել, ինչպես նաեւ ոչ պաշտոնական մակարդակով՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչների, լրագրորղների, քաղաքացիական հասարակության եւ ակադեմիական շրջանակների միջեւ»: «Շվեյցարիան անհրաժեշտության դեպքում նախկինի պես պատրաստ է աջակցել այս գործընթացին»,- նշվում է հայտարարության մեջ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկացրել էր ավելի վաղ, Սերժ Սարգսյանի՝ մարտի 1-ի հրամանագրով 2009 թվականի հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ են հայտարարվել՝ Անկարայի կողմից մշտապես առաջադրվող նախապայմանների պատճառով: