Հայաստանի խորհրդարանի 5 անդամներից բաղկացած պատվիրակությունը ժամանել է Վաշինգտոն, որտեղ մի շարք հանդիպումներ կանցկացնի հայ համայնքի ներկայացուցիչների, վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչների, փորձագետների, ինչպես նաեւ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ՝ հանդիպումները կազմակերպվել են Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատան կողմից եւ ուղղված են քաղաքական, տնտեսական եւ ռազմական հարաբերությունների խորացմանը: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը, «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը, ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը եւ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերը նշել է, որ «սա պատմական այց է՝ հարգանքի տուրք մեր երկրների կողմից Հայաստանի եւ Ամերիկայի միջեւ սերտ կապերի ամրապնդմանն ուղղված ընդհանուր նպատակներին»: Հանձնաժողովի մեկ այլ համանախագահ Դեյվ Թրոթը եւ կոնգրեսական Ադամ Շիֆը նույնպես ողջունել են պատվիրակության այցը՝ նշելով, որ արդյունավետ քննարկման հույս ունեն: