Հաճախ հնչում է տեսակետ, որ մեր երկրում, որն ընտանեկան հարաբերությունների իր  ավանդույթներն ունի, կենսաթոշակի չափը կարեւոր չէ։ Իբրեւ թող  զավակները հոգ տանեն իրենց տարեց ծնողների մասին։ Դե, իսկ կենսաթոշակն ընդամենը լրացուցիչ եկամուտ է ընտանեկան բյուջեի համար։ Որպեսզի տատիկներն ու պապիկները դրանով կարողանան նվերներ գնել իրենց սիրելի թոռնիկների համար։

Եթե շարունակենք նման «տրամաբանական» եզրահանգումները՝ ապա կարելի է առհասարակ վերացնել կենսաթոշակները։ Միաժամանակ՝ դադարեցնել պարտադիր սոցապահովման պահումներն աշխատավարձից։

Սակայն, չնայած ավանդույթներին, մեր երկրում քիչ չեն միայնակ մարդիկ, որոնք միայն իրենց կենսաթոշակով են ապրում։ Եւ անապահով ընտանիքների համար էլ կենսաթոշակը ընտանեկան բյուջեի զգալի մասն է կազմում։ Ոչ թե որովհետեւ կենսաթոշակն է բարձր, այլ որովհետեւ մյուս եկամուտներն են շատ ցածր։ Այս հարցում դեր է կատարում նաեւ զանգվածային գործազրկությունը, եւ աշխատող քաղաքացիների ցածր աշխատավարձը։

Ըստ բյուջետային հետազոտությունների՝ 2016-ին «ամենաաղքատների» խմբի եկամուտների գրեթե կեսը (ավելի քան 48 տոկոսը) կենսաթոշակներն ու նպաստներն էին կազմում։ Մյուս՝ «ավելի հարուստ» խմբի համար այդ ցուցանիշը 37 տոկոսից քիչ ավելին էր եւ այլն։

Բոլոր կատեգորիաների կենսաթոշակառուները կազմում են Հայաստանի մշտական բնակչության  ավելի քան 15 տոկոսը։ Հաշվի առնելով այն փաստը, որ աշխատունակ տարիքի հարյուր հազարավոր քաղաքացիներ գրեթե մշտապես աշխատում են արտասահմանում (ճնշող մեծամասնությունը՝ Ռուսաստանում)՝ այդ ցուցանիշն իրականում շատ ավելի բարձր է ստացվում։

Ստորեւ պատկերված գրաֆիկում ներկայացված է կենսաթոշակառուների թվի ու միջին կենսաթոշակի դինամիկան վերջին տասը տարիներին։ Դիագրամից երեւում է, որ միջին կենսաթոշակի նախկինում դիտարկված աճը երկու տարի առաջ փոխարինվել է ստագնացիայով։ Այդ ցուցանիշը նույնիսկ աննշան նվազել է (անցած տարի՝ 0․1 տոկոսով)

Այլ պատճառներից բացի՝ տվյալ փաստը կապակցված է կենսաթոշակառուների ընդհանուր կոնտինգենտում  նոր թոշակի անցածների մասնաբաժնի ավելացման հետ (որոնց թոշակը միջինից ցածր է)։ Ըստ տարիքի կենսաթոշակների միջին չափը անցած տարի կազմել է 40․3 հազար դրամ, իսկ ահա նոր թոշակի անցածների մոտ այդ ցուցանիշը կազմում է 35․8 հազար դրամ։

Թոշակառուների մի մասը, հնարավորության դեպքում, շարունակում է աշխատել։ Եվ այսպես, անցած տարի այդ սոցիալական խմբի ընդհանուր կոնտինգենտի ավելի քան մեկ տասներորդ մասը  (13․4 տոկոս) շարունակում էր աշխատել։ Աշխատավարձից բացի՝ աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարին ավելացնում է կենսաթոշակի չափը։ Իսկ ուրիշ ի՞նչ կարող են անել այդ մարդիկ, եթե կենսաթոշակը ցածր է ;

Աշխատող մարդկանց ու կենսաթոշակառուների թվի հարաբերակցությունը մեր երկրում բավականին անբարենպաստ է ; Կենսաթոշակառուների թիվը զգալիորեն ավելի մեծ է, քան եկամտահարկ վճարողների քանակը։ Ռուսաստանում Bloomberg գործակալության տվյալներով, յուրաքանչյուր թոշակառուի բաժին է ընկնում 2․4 աշխատող։ Իսկ Հայաստանում, մեր հաշվարկներով, այդ գործակիցը զգալիորեն ցածր է՝ մոտ 0․8 աշխատող՝ յուրաքանչյուր թոշակառուի համար։

Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության հռչակագրի՝ կենսաթոշակի փոխարինման գործակիցը պետք է կազմի աշխատունակ տարիքում քաղաքացու աշխատավարձի (եկամտի ) մակարդակի առնվազն 40 տոկոսը։ Այտեղ կա մի մեթոդաբանական խնդիր։ Մեր երկրում կենսաթոշակառուների գրեթե ամբողջ կոնտինգենտը իր աշխատանքային գործունեությունը սկսել է խորհրդային ժամանակաշրջանում։

Այստեղից էլ առաջանում է խորհրդային ռուբլի- դրամ համարժեք (արդար) փոխարկման խնդիրը։ Հիշեցնենք, որ ժամանակին (բնակչության որոշակի խմբերին՝ ռուբլով ավանդների վերադարձնելու ժամանակ) այս խնդիրը բուռն քննարկումների պատճառ էր դարձել։ Բացի դրանից՝ անկախության տարիներին եւս մեկ խնդիր էր առաջացել։ Նախկինում դրամով աշխատավարձերը զգալիորեն ցածր էին նույնիսկ ներկա՝ ամենեւին էլ ոչ բարձր միջին աշխատավարձից։ Օրինակ 1996-ին բյուջետային ոլորտի աշխատողների միջին աշխատավարձը կազմում էր 5․1 հազար դրամից քիչ ավելին։

Դրա համար էլ Հայաստանում կիրառվում է կենսաթոշակների հաշվարկման պարզեցված տարբերակը՝ բազային դրույքով, որին գումարվում է որոշակի գումար՝ աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար։ Դրանով իսկ աշխատողների տարբեր կատեգորիաների կենսաթոշակները հավասարեցվում են ՝ անկախ նրանց կողմից վճարված ապահովագրական մուծումների մեծությունից։ Սակայն այդ «հավասարեցումը» իրականացվում է ոչ թե ցածր կենսաթոշակների բարձրացման հաշվին ( այդ թվում՝ արտոնությւոնների ու սուբսիդավորման տրամադրման, որը կիրառվում է բազմաթիվ երկրներում), այլեւ «օրինական» բարձր կենսաթոշակների մակարդակի նվազման հաշվին։

Անցած տարի միջին աշխատավարձի հանդեպ միջին կենսաթոշակի հարաբերակցությունը կազմել է 21 տոկոսից քիչ , իսկ նոր թոշակի անցածների համար՝ նույնիսկ ավելի ցածր՝ չհասնելով անգամ 19 տոկոսի։ Մինչդեռ մեր երկրում միջին աշխատավարձն էլ, նույնիսկ պաշտոնական տվյալներով, բավարար մակարդակի վրա չէ։

Վերջին տարիներին կենսաթոշակների ինդեքսավորում չի իրականացվել, չնայած կյանքը թանկացել է։ Պաշտոնական տվյալներով՝ դեկտեմբերին տարեկան գնաճը կազմել է 2․6 տոկոս։ Կարծես բարձր ցուցանիշ չէ։ Սակայն հարց է ծագում՝ ճիշտ է արդյոք շարքային քաղաքացու կենսամակարդակի տեղաշարժերի որոշման համար դիտարկել գների ընդհանուր գործակիցը։ Չէ որ այց ցուցանիշն արտացոլում է օրինակ ավտոմեքենաների շահագործման համար ծախսերի , նաեւ ռեստորանների ու հյոյւրանոցների սակագների, զբոսաշրջային ուղեգրերի արժեքի աճը եւ այլն։

Միանգամայն հավանական է, որ առանձին կենսաթոշակառուներ զրկված չեն կյանքի այդ բարիքներից օգտվելու հնարավորություններից։ Իհարկե ոչ թե իրենց կենսաթոշակների, այլ օրինակ ձեռներեցությունից ստացած եկամուտների հաշվին։ Սակայն շատերի գումարները ամբողջությամբ ծախսվում են սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ոչ պարենամթերային ապրանքների վրա, նաեւ՝ կոմունալ վճարների վրա (որոնք «խժռում են» կենսաթոշակների առյուժի բաժինը)։ Նկատենք, որ անցած տարի (2․6 տոկոսի «աննշան» գնաճով)՝ մի շարք սննդամթերքներ կտրուկ թանկացել են։

Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, որը անհասկանալի է, թե ինչ նպատակների համար է մշակվել (չէ որ այն նորմատիվային ակտ չէ) միշտ էլ հասարակության կողմից քննադատությունների է արժանացել։ Մարդկանց համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է մեկ ամիս ապրել այդ խորհրդանշական գումարով։

Սակայն միջին կենսաթոշակը նույնիսկ այդ խորհրդանշական ցուցանիշին չի հասնում։ Եվ այսպես, սպառողական զամբյուղի արժեքը անցած տարվա 4-րդ եռամսյակում ամսական 3․3 հազար դրամով գերազանցում էր միջին կենսաթոշակը։ իսկ եթե համեմատենք կենսաթոշակը մեծահասակ մարդու համար հաշվարկված «զամբյուղի» արժեքի հետ, ապա տարբերությունը կկազմի ամսեկան 8․2 հազար դրամ։

Ռուսաստանում, եթե թոշակառուների նյութական եկամուտը քիչ է տվյալ սոցիալական խմբի համար հաշվարկված սպառողական նվազագույն զամբյուղի մեծությունից, ապա նրա կենսաթոշակին գումարվում է հավելավճար։ Ի դեպ, եկամուտը հաշվարկելիս ՝ հաշվի է առնվում նաեւ սոցիալական աջակցությունը՝ հանրային տրանսպորտի ուղեվարձի ֆինանսավորման մասով։ խոսքն այն նույն անվճար երթեւեկության մասին է, որի մասին մենք վաղուց մոռացել ենք։

Այդ դեպքում որքան գումար է պետք կենսաթոշակի բազային դրույքը , օրինակ, վերոնշյալ 8․2 հազար դրամով բարձրացնելու համար, միջին կենսաթոշակը թեկուզ խղճուկ «զամբյուղի» արժեքին հասցնելու համար։ Ըստ հաշվարկների՝ այդ նպատակի համար տարեկան պահանջվում է մոտ 45․4 մլրդ դրամ։ Դա կազմում է անցած տարվա համար Հայաստանի պետբյուջեի ընդհանուր հարկային եկամուտների գրեթե 4 տոկոսը։ Հասկանալի է, որ առանց տնտեսական արմատական փոփոխությունների այդ խնդիրը լուծել հնարավոր չէ։ Այստեղ տեղին է հայտնի դարձած արտահայտությունը․ «Փող չկա, բայց դուք դիմացեք»։

Սմբատ Գրիգորյան