Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կիպրոսի արտակարգ եւ լիազոր դեսպան Լեոնիդաս Մարկիդեսը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունից:

Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ ընդգծել, որ Հայաստանի ու Կիպրոսի միջեւ ավանդաբար գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունների եւ երկու ժողովուրդների դարավոր, ջերմ բարեկամական կապերի պահպանման եւ ընդլայնման ուղղությամբ չպետք է դադարել աշխատել՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները: Միջազգային հարթակներում համագործակցության համատեքստում Սերժ Սարգսյանն անդրադարձել է այս տարվա հոկտեմբերի 11-12-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին՝ նշելով, որ այդ կարոեւոր միջոցառմանը մասնակցելու նպատակով հրավեր է ուղարկել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին:

Երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում համագործակցության զարգացման տեսանկյունից կարեւորվել է նաեւ 2017 թվականի նոյեմբերին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Լեոնիդաս Մարկիդեսը շնորհակալություն է հայտնել նախագահին եւ նշել, որ հետաքրքիր զուգադիպությամբ այսօր նույն պահին Հայաստանի դեսպանն էլ իր հավատարմագրերն է հանձնում նախագահ Անաստասիադիսին: «Սա, իհարկե, զուգադիպություն է, բայց, կարծում եմ, կարեւոր զուգադիպություն, որ տեղի է ունենում շատ լավ բարեկամների միջեւ»,- ասել է Կիպրոսի դեսպանը: