ՀԱՊԿ անդամ երկրների համար գլոբալ անվտանգության սպառնալիքները համալիր բնույթ ունեն: Այս մասին մարտի 6-ին տեղի ունեցած «ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական անվտանգության հիմնական սպառնալիքները» թեմայով Մոսկվա-Երեւան-Աստանա-Բիշքեկ տեսակամուրջի ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Նրա խոսքով՝ դրանք առնչվում են գործունեության քաղաքական, տնտեսական, տեղեկատվական եւ կենսականորեն կարեւոր այլ ոլորտներին: «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադրման պահից սկսած ռազմական անվտանգության մարտահրավերների եւ սպառնալիքների ամբողջ սպեկտրին հակազդելու համար ստեղծվել է նրա մեջ մտնող պետությունների հավաքական անվտանգության համակարգ»,- հավելեց Սիդորովը: Ըստ որում, ինչպես նշեց գեներալ-գնդապետը, մինչեւ 2025 թվականը կազմակերպության ռազմավարական նպատակը կլինի ՀԱՊԿ անդամ երկրների ջանքերի եւ ռեսուրսների կոնսոլիդացիայի ճանապարհով հավաքական անվտանգության ապահովումը՝ ռազմավարական գործընկերության եւ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի ու սկզբունքների հիման վրա:

Նա նշեց, որ ներկայումս ՀԱՊԿ շրջանակում ստեղծվել եւ գործում է հավաքական անվտանգության համակարգ, որն արտացոլում է Կազմակերպության մարմինների, պետական կառավարման ազգային մարմինների, անդամ երկրների ուժերի եւ միջոցների հանրագումարը, որոնք ապահովում են հավաքական շահերի, հավաքական հիմքի վրա ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանությունը:

Դրանից զատ, օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում են ՀԱՊԿ բոլոր 6 անդամների առավել մարտունակ ու շարժական միավորումներ, զորամասեր եւ հատուկ նշանակության ուժերի կազմավորումներ՝ ընդհանուր 17 հազար մարդ թվաքանակով, իսկ Կազմակերպության խաղաղապահ ուժերի թվաքանակը կազմում է մոտ 3600: