Մեր ընդդիմադիր գործընկերները ամիսներ շարունակ խոսում են վարչապետական կամ սուպերվարչապետական համակարգի մասին, մինչդեռ աշխարհում նման բան չկա, կա խորհրդարանական համակարգ եւ յուրաքանչյուր խորհրդարանական համակարգով երկրում առաջին ջութակը վարչապետն է: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ արտահերթ նիստում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, բոլոր նման երկրներում առաջին ջութակը գործադիր իշխանության ղեկավարն է, որը մի տեղում կոչվում է վարչապետ, մի տեղում՝ կանցլեր:

«Չկա որեւէ խորհրդարանական երկիր, որտեղ գլխավոր դերակատարություն չունենա վարչապետը»,-ասաց Շարմազանովը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու պետք է վարչապետին ենթարկվեն ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ու վերահսկողական ծառայությունը, Շարմազանովն ասաց. «Կներեք, բա ո՞ւմ պետք է ենթարկվեն: կառավարության ղեկավարը վարչապետն է եւ երբ այս կառույցները ուղիղ նրա ենթակայության տակ ենք դնում, դրանով բարձրացնում ենք այդ կառույցների քաղաքական պատասխանատվության մակարդակը: Կոլեգիալ մարմինը չի կարող պատասխանատու լինել անվտանգության համար: Ասել, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը չենթարկվի ուղիղ վարչապետին, այլ 18 նախարարներին, կներեք, սա ոչ արդյունավետ կառավարում է: Ուժային կառույցները պետք է լինեն վարչապետի ուղիղ ենթակայության ներքո: Սա է պահանջում Հայաստանի շահը»:

Ինչ վերաբերում է կառավարության նիստերը դռնփակ անցկացնելուն, Շարմազանովը հիշեց իր ավագ գործընկեր Գալուստ Սահակյանին. «Դռնփակը, դա թաքունը չի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեով նախատեսվում է, որ կառավարության նիստերը պետք է դռնփակ լինեն: Սա առաջացրել է լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի դժգոհությունը:  Կառավարության ներկայացուցիչները այս կարգավորումը հիմնավորում են նրանով, որ փակ նիստում շատ ավելի անկաշկանդ եւ բաց քննարկում տեղի կունենա: