Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրոդյուսերական թիմի անդամներ Դին Քեյնին ու Մոնթել Ուիլյամսին եւ նրանց ընտանիքի անդամներին, ովքեր Հայաստանում են ֆիլմի երեւանյան պրեմիերայի կապակցությամբ:

Հանրապետության Նախագահն իր տպավորություններն է ներկայացրել «Մոսկվա» կինոթատրոնում երեկ հայ հանդիսատեսի դատին ներկայացված ֆիլմից՝ ընդգծելով, որ, իր համոզմամբ, այն կարեւոր նշանակություն ունի ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ տպավորված է ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ այլ երկրներում լայն ընդունելության արժանացած ֆիլմից, որը վավերագրական հարուստ նյութի հիման վրա մեկ անգամ եւս փաստացի վերականգնում եւ վերահաստատում է այն ճշմարտությունը, որ ժխտողականությունը ծնում է նոր հանցագործություններ, եւ որ ճանաչումն ու դատապարտումը, թերեւս, ամենակարեւոր միջոցներն են այդ հանցագործությունները կանխելու համար:

«Կարծում եմ՝ այս ֆիլմի կարեւորությունը նաեւ նրանում է, որ չնայած գիտական շրջանակներում այս խնդրի մասին շատ են խոսել, բայց այս առումով փաստավավերագրական ֆիլմերի պակաս կա, եւ «Ժխտման ճարտարապետները» ֆիլմը լրացնում է այդ պակասը: Եվ զուգահեռներն այսօրվա ու 100 տարի առաջվա իրականության հետ շատ կարեւոր են: Ինձ հետաքրքրեց նաեւ այն հանգամանքը, որ կարծում եմ՝ դուք ցանկացել եք ասել, որ ժխտողականությունը, անկախ նրանից, թե ինչպես է տեղի ունենում, ունի շատ ընդհանուր հատկանիշներ: Այսինքն՝ կատարողները նախօրոք գիտեն, որ հետո պետք է ժխտեն եւ նաեւ վստահ են, որ իրենց այդ ժխտումն անցնելու է, քանի որ նախկինում եւս այդպես է եղել: Իհարկե, շատ հետաքրքիր էր զուգահեռը Հայոց ցեղասպանության եւ այն իրադարձությունների հետ, որ այսօր տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում»,-ասել է Նախագահ Սարգսյանը եւ շնորհակալություն հայտնել ֆիլմի պրոդյուսերական թիմին ու ի դեմս նրանց բոլորին, ովքեր իրենց նպաստն են բերել այս ֆիլմի իրագործմանը։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ պետական բարձր պարգեւով՝ Պատվո շքանշանով պարգեւատրել է պրոդյուսեր, սցենարիստ Մոնթել Բրայան Ուիլյամսին եւ դերասան, պրոդյուսեր Դին Ջորջ Քեյնին:

Ֆիլմի պրոդյուսերներ Դին Քեյնը եւ Մոնթել Ուիլյամսն անձամբ իրենց եւ իրենց ընտանիքների անունից շնորհակալություն են հայտնել Նախագահ Սարգսյանին ֆիլմի երեւանյան պրեմիերային ներկա գտնվելու համար եւ մեծ պատիվ համարել Նախագահի նստավայրում հյուրընկալվելը:

Պրոդյուսերները հույս են հայտնել, որ իրենց նկարահանած ֆիլմը կօգնի փոխել ընկալումները ներկայացված հարցի վերաբերյալ ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլեւ ամբողջ աշխարհում: Յուրաքանչյուր վավերագրողի համար, ով նման ֆիլմեր է պատրաստում, ըստ պրոդյուսերներ Դին Քեյնի եւ Մոնթել Ուիլյամսի, կարեւոր է դիտել իր աշխատանքի արդյունքը այլ անձանց հետ միասին եւ տեսնել այն մարդկանց արձանանքները, ովքեր այդ պահին դիտում են ֆիլմը: Նշելով, թե տեղյակ են, որ Նախագահ Սերժ Սարգսյանը եւս ականատեսն ու մասնակիցն է եղել ֆիլմում նկարագրվող՝ Լեռնային Ղարաբաղի դեպքերի, պրոդյուսերները հույս են հայտնել, որ ինչ պատկերել են ֆիլմում, համապատասխանում է այն իրականությանը, որ Նախագահն է տեսել իր աչքերով: Նրանք իրենց աշխատանքի լավագույն գնահատականը համարել են ֆիլմից ստացած արձագանքները: