Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին:

Վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակը եւ կարեւորել դրանց հետագա զարգացումը տարբեր ոլորտներում: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունների կարեւոր բաղադրիչներից մեկն ապակենտրոնացված մակարդակով համագործակցությունն է: Այդ առումով Կարեն Կարապետյանը ողջունել է Լիոնի եւ Երեւանի արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես՝ քաղաքաշինության, տնտեսական համագործակցության եւ զբոսաշրջության ոլորտներում: «Հուսով եմ՝ այս օրերին առիթ ունեցել եք ավելի լավ ծանոթանալու Հայաստանում ներդրումներ անելու առավելություններին: Ֆրանսիական, այդ թվում՝ Լիոնի ընկերությունները, կարող են օգտվել մեր երկրում ձեւավորված բարենպաստ ներդրումային միջավայրից, Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի եւ Իրանի հետ ունեցած արտոնյալ ռեժիմներից»,- ասել է վարչապետը՝ հույս հայտնելով, որ Լիոնի բիզնեսը կմասնակցի աշնանը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում անցկացվելիք գործարար համաժողովին: Գործադիրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ապրիլի 19-ից Երեւան-Լիոն ուղղիղ չվերթի գործարկումը լայն հնարավորություններ կստեղծի զբոսաշրջության զարգացման համար:

Ժորժ Կեպենեկյանը վարչապետին է ներկայացրել Երեւանի հետ համագործակցության ուղղություններն ու հնարավորությունները եւ նշել. «Մենք պատրաստ ենք երկու քաղաքների միջեւ բացել համագործակցության նոր՝ առարկայական ու պրագմատիկ էջ»,- ընդգծել է Ժորժ Կեպենեկյանը՝ ավելացնելով, որ այցի ընթացքում քննարկվել են Երեւանի եւ Լիոնի միջեւ համագործակցության 2018-2020 թվականների ծրագիրը, այդ թվում՝ տնտեսության, զբոսաշրջության, կրթության, նորարարության եւ այլ ոլորտներում: