Ռուսաստանն ու Վրաստանը համաձայնության են եկել. այս տարի Վերին Լարսում վերջապես կմեկնարկեն թունելի կառուցման աշխատանքները։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, այս մասին հայտնել է տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը՝ նշելով, որ թունելի նախագծման փուլն ավարտին է մոտենում, իսկ մինչեւ այդ արդեն հստակ պայմանավորվածություն կա՝ անցակետը կարդիականացվի, կընդլայնվի նաեւ ճանապարհը։

«Թունելի կառուցումն, իհարկե, ավելի ուշ կավարտվի, որովհետեւ դա ժամանակ է պահանջում, բայց մնացած մոդեռնիզացիան հուսով ենք՝ մինչեւ տարվա վերջ», - ասել է Մարտիրոսյանը։

Հարցին՝ արդյո՞ք Վրաստանի վարչապետի երեւանյան այցի ժամանակ անդրադարձ եղել է այլընտրանքային ճանապարհին եւ ի՞նչ նորություններ կան այս հարցում, նախարարը պատասխանել է. «Այդ թեման բոլորի ուշադրության կենտրոնում է, բայց ես նորից ցանկանում եմ նշել, որ դա ռուս-վրացական քաղաքական հարաբերություններ են։ Իհարկե Հայաստանն աշխատում է այլընտրանքային ճանապարհներ գտնելու ուղղությամբ, բայց ես նորից եմ կրկնում՝ այլընտրանքը միայն Հյուսիսային Օսիայի եւ Աբխազիայի ճանապարհները չեն, որը որ Դուք նշեցիք։ Մենք այսօր ունենք նաեւ այլընտրանքային՝ լաստանավային ճանապարհ, որը որ գործում է եւ գործում է շատ հաջող եւ բեռների մեծ մասն անցնում են այդ միջանցքով»։