Բոլոր գնումների մեջ ունենք որոշակի տնտեսումներ եւ էֆեկտներ։ Այդ մասին այսօր՝ մարտի 6-ին կառավարության նիստում հայտնել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Վարչապետը խոսել է որոշ ապրանքների ձեռքբերման գնի պլանավորման վերանայման մասին, նկատել, որ վերլուծության արդյունքում արձանագրվել են թերություններ։ «Մասնավորապես՝ ըստ նախարարությունների հիմնական սպառման ապրանքների տեխնիկական բնութագրերի, չափման միավորների տարբերություններ եւ շեղումներ, ինչպես նաեւ՝ որոշ ապրանքների փաստացի ձեռքբերման միավորի գնի եւ պլանավորվածի միջեւ անհամապատասխանություններ»,- ասել է Կարապետյանը:

«2017թ. ֆիքսել ենք, որ պրակտիկորեն բոլոր գնումների մեջ ունենք որոշակի տնտեսումներ եւ էֆեկտներ, մյուս կողմից այն բյուջեներում, որոնք պլանավորում ենք ըստ նախարարությունների,  ունենք ավելցուկ գումարներ: Բայց իրական պատճառը ոչ թե խիստ խնայողական ձեռքբերումներն են, այլ պլանավորելիս շատ ենք նախատեսում եւ այդտեղ առանձնապես մեծ խնայողություն չկա: Չնայած, տենդերներով անցած գնումների արդյունքում  մենք գրեթե բոլոր նախարարություններում, գերատեսչություններում գնումների մեջ ունենք նվազեցում»,- նկատել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը Ֆինանսների նախարարին հանձնարարեց 2-ամսյա ժամկետում քննարկելով Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների հետ՝ մշակել եւ հրապարակել  հիմնական սպառման 20-ից 30 ապրանքների օրինակելի տեխնիկական բնութագրեր։