ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է Երեւանի դպրոցներից մեկի բակում զենքի գործադրմամբ տեղի ունեցած միջադեպի շարժառիթը, մասնակիցների շրջանակը:

2018 թվականի փետրվարի 28-ին` ժամը 21:30-ի սահմաններում, երկու քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել առ այն, որ Երեւան քաղաքի դպրոցներից մեկի բակում հնչել են կրակոցներ: Ըստ քաղաքացիների՝ դպրոցի բակից լսվել են կրակոցի եւ աղմուկի ձայներ, դեպքի վայրում եղել են բազմաթիվ անձինք, ովքեր կրակոցներից հետո հեռացել են: Ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած իրավապահները զննության ժամանակ դպրոցի բակում հայտնաբերել են ռետինե պարկուճ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որով նախաքննությունը մարտի 2-ից կատարվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում, մշակվել քննչական պլան եւ ձեռնարկվել անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Արդյունքում պարզվել է, որ դպրոցի բակում վիճաբանել են մի խումբ երիտասարդներ՝ մասնավոր հարցերի շուրջ։ Վիճաբանությունը վերաճել է քաշքշուկի, որի ժամանակ էլ մասնակիցներից մեկը գազային ատրճանակից կրակոց է արձակել։  Վերջինիս ինքնությունը պարզվել է, ով  ներգրավվել է որպես կասկածյալ եւ հարցաքննվել դեպքի շուրջ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Կասկածյալը ներկայացրել է այն գազային ատրճանակը, որով միջադեպի ժամանակ կրակել է։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու, միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու եւ նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ: