«Ամերիաբանկն» առաջարկում է օնլայն ռեժիմում սպառողական ծառայությունների երկու նոր տեսակներ՝ սքորինգային վարկեր եւ ապառիկ վարկեր։ Այդ մասին մարտի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է բանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը։

Նրա խոսքով, սկսած մարտից ոչ միայն «Ամերիաբանկի» հաճախորդները, այլեւ բոլոր ցանկացողները կարող են դիմել 100 հազարի մինչեւ 10 մլն դրամ սպառողական վարկեր ստանալու՝ առանց գրավի եւ տարատեսակ փաստաթղթեր ներկայացնելու։ Վարկ ստանալու համար կարելի է դիմել ոչ միայն բանկի որեւէ մասնաճյուղ, այլեւ էլեկտրոնային տեսքով կամ մոբայլ բանկային հավելվածի։

«Բանկի հաճախորդների համար այդ տեսքով հասանելի կլինեն թե օվերդրաֆթները, թե սպառողական վարկերը, որոնք մարվում են ժամանակցույցով։ Սպառողական վարկերը հասանելի են եւ դրամով, եւ արտարժույթով»,- ասել է նա՝ հավելելով, որ մինչեւ մարտի 31-ը վարկի ստացման եւ սպասարկման համար բանկը չի գանձելու միջնորդավճար, իսկ բանկային քարտերի որոշ տեսակներ տրամադրվելու են անվճար՝ շուկայում նոր ծառայության առաջմղման համար։

Բանկի մանրածախ գործառնությունների գծով խոսքով, երեք գործընթացներ՝ հայտի ներկայացումը, ռիսկերի գնահատումն ու որոշման կայացումը, նաեւ վարկի տրամադրումը լիովին ավտոմատացված է։ «Այսինքն, ձեռքով որեւէ աշխատանք չի լինելու։ Որոշումը կայացվելու է բանկի ստեղծած թվային համակարգի հիման վրա՝ տարատեսակ թվային բազային տվյալների հիման վրա, այլ ոչ ստացողի կողմից ամենատարբեր փաստաթղթերի ներկայացման»,- ասել է նա։ Բարսեղյանը չբացահայտեց որոշման կայացման ամբողջ ալգորիթմը, սակայն նկատեց, որ տեղեկատվական բազաներ կան, որոնք որոշում կայացնելու բավարար տեղեկություններ են պարունակում, մասնավորապես «ԱՔՐԱ» վարկային բյուրո համակարգը, որտեղ արձանագրվում են վարկային պատմությունները։

Արման Բարսեղյանը նկատեց, թե քարտատերերը կարող են վարկ ստանալու համար հայտ ներկայացնել բանկի կայքում եւ հաշված վայրկյանների ընթացքում ստանալ թե վարկի տրամադրման հաստատումը, թե գումարները քարտի վրա։ «Այսկերպ, մենք թվայնացնում ենք վարկի ստացման գործընթացը»,- ասել է նա։ Ինչ վերաբերում է բանկի հաճախորդ չհանդիսացող անձանց, առաջին երկու փուլերը՝ հայտն ու հաստատումը նրանք նույնպես կարող են իրականացնել օնլայն, սակայն երրորդ փուլի՝ վարկի ստացման համար պետք է դիմեն բանկ՝ ինքնության հաստատման համար։

Ինչ վերաբերում է ապառիկ վարկերին՝ գնումների ֆինանսավորման ծառայությանը, այսպես վարկերը տրամադրվում են 100 հազար դրամից մինչեւ 1,5 մլն դրամի չափով։ Այստեղ նույնպես ողջ գործընթացը ավտոմատացված է։ «Ամերիաբանկի» գործընկերներից որեւէ մեկի (Վեգա, Վիվասել-ՄՏՍ, Մոբայլ-Սենթր, Զիգզագ, ցանկն ընդլայնվում է) ապրանքի գնման դեպքում գնորդները կարող են վարկը ձեւակերպել հենց բանկում, առանց բանկ այցելելու։

Բարսեղյանի խոսքով, ապառիկի վարկավորման դեպքում արդյունավետ տոկոսադրույքները չեն գերազանցում 24 տոկոսը, իսկ մարման ժամկետը մինչեւ 60 ամիս է։ Սքորինքագյին վարկերի դեպքում առավելագույն տոկոսադրույքը կարող է կազմել 24 տոկոս, սակայն անվանականը՝ 21 տոկոս է։ Մարման ժամկետը մինչեւ 60 ամիս, օվերդրաֆթի դեպքում՝ անժամկետ։ «Դրանք ողջամիտ գներ են չապահովված վարկերի նման տեսակի համար»,- նկատել է Բարսեղյանը։

Նա հավելել է, որ սպառողական վարկավորումը բանկը դիտարկում է որպես նոր հաճախորդների ներգրավման մեխանիզմ։ Ծրագրի մեկնարկի պահին սպառողական վարկեր ստացողների 40 տոկոսը «Ամերիաբանկի» հաճախորդներ չեն եղել, սակայն դարձել են տվյալ վարկերի շնորհիվ։ «Այդ ծառայությունների ներդրման շնորհիվ մենք ծրագրում ենք ընթացիկ տարում մեր հաճախորդային բազան ավելացնել 40 տոկոսով»,- ասել է նա։

Հարցին, արդյոք մարդը, գրանցված աշխատող չլինելով եւ վարկային պատմություն չունենալով, կարող է սպառողական վարկ ստանալ, Արման Բարսեղյանը պատասխանել է, թե սքորինգային համակարգը գնահատում է ոչ թե այն,թ ե որտեղ է մարդն աշխատում, այլ ռիսկերը, եւ ոչ միշտ է աշխատավարձի չափը վճռորոշ։ Օրինակ, նրա խոսքով, մարդը կարող է վարձու աշխատող չլինել տվյալ պահին, սակայն եկամուտ ստանալ հոնորարների տեսքով։

Ինչ վերաբերում է «Ամերիաբանկի» գլխամասային գրասենյակի մոտ տեղադրված փղին, ըստ Բարսեղյանի, դա խորհրդանշում է ենթադրյալ սպառողական վարկերի չափը, քանի որ 10 մլն դրամը բավական բարձր գումար է նման վարկերի համար։ «Փիղը խորհրդանշում է տվյալ ծառայությունների մեկնարկը»,- ասել է նա։

«Ամերիաբանկի» նոր մարկետինգային արշավն անցնում է «Մեծությունը չի խոչընդոտում արագությանը» կարգախոսով, ինչը շեշտում է ընկերության երկու նոր առաջնահերթությունները՝ վարկերի մեծ չափսն ու ստացման արագությունը։

Արման Բարսեղյանի խոսքով, ծրագրում են նաեւ թվայնացնել բանկի այլ ծառայություններ սպառողական վարկերից բացի։ Արդեն հիմա բանկը տրամադրում է օնլայն ռեժիմում Հայաստանի տարածքում չգտնվողների համար հաշիվ բացելու ծառայություն՝ սփյուռքից հաճախորդների ներգրավման համար, բայց առաջիկայում այդ ծառայությունը հասանելի կլինի նաեւ Հայաստանի քաղաքացիներին։ «Մենք նաեւ աշխատում ենք, որ գնորդը ապրանքն ապառիկ ստանա ոչ միայն բանկ, այլեւ խանութ չայցելելով, այսինքն միանգամից առաքվի նրա տուն։ Նաեւ տուն է առաքվելու բանկի քարտերը՝ նոր ծառայության համար դիմելիս»,- ասել է նա։

Ներկայացնելով 2017թ. բանկի գործունեության արդյունքները՝ Արման Բարսեղյանը նշել է, թե ժամկետային մանր ավանդների ծավալն աճել է 10 տոկոսով՝ տարեվերջին ակզմելով 134 մլրդ դրամ, իսկ ցպահանջ ավանդների ծավալն աճել է ավելի քան 40 տոկոսով՝ տարեվերջին հասնելով 47 մլրդ դրամի։ բանկի հաճախորդների թիվն աճել է 12 տոկոսով, իսկ տրամադրված քարտերի թիվը՝ 14 տոկոսով։