Հայաստանի ԱԺ-ն այսօր՝ մարտի 7-ին, արտահերթ նիստում միաձայն (96 կողմ) առաջին ընթերցմամբ ընդունեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ էին բոլոր 4 խմբակցությունները:

Տնտնեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այս օրինագծի վերահբերյալ իր ամփոփիչ ելույթում, մասնավորապես, նշեց, որ ներկայացված օրենսդրական փաթեթով իսկապես էական եւ աննախադեպ փոփոխություններ են իրականացվում. «Մի կողմից մրցակցության օրենսդրությունը համապատասխանեցնում ենք նոր Սահմանադրության պահանջներին, մյուս կողմից հաշվի ենք առնում Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաեւ Եվրոպական միության մրցակցության կանոններն ու սկզբունքները»:

Նրա խոսքով, նոր օրենսդրությամբ բարձրացվում է ՀՀ Մրցակցային մարմնի կարգավիճակը եւ օրենքում հստակ ամրագրվում է, որ Հանձնաժողովը հանդիսանում է անկախ ինքնավար մարմին:

Օրենսդրական փաթեթում վերանայվել են նաեւ պատասխանատվության միջոցների կիրառման մեխանիզմները, դրանք արդիականացվել են եւ համապատասխանեցվել են միջազգային չափանիշներին:

«Շատ կարեւոր եւ էական փոփոխություն ենք համարում այն, որ Հանձնաժողովի տեսադաշտ ենք բերում պետական պաշտոնյաների հակամրցակցային գործողությունները: Օրենքով արգելվում է պետական պաշտոնյաների կողմից հակամրցակցային գործունեության դրսեւորումը եւ հակամրցակցային իրավական ակտերի ընդունումը: Այս օրենսդրական փաթեթում մտցրել ենք նոր իրավական սահմանումներ՝ գների չհիմնավորված բարձրացում, գների չհիմնավորված նվազում, խտրական պայմանների կիրառում եւ այլն:

Բացի այդ, մրցակցության ոլորտում ավելացել են նոր իրավախախտման տեսակներ, մասնավորապես, տնտեսական գործունեության արգելված համակարգումը, ապրանքային նշանների օգտագործման միջոցով անբարեխիղճ մրցակցության դրսեւորումները եւ այլն»,-ընդգծեց Շաբոյանը:

Նրա խոսքով, այս օրենսդրական փաթեթով ընդհանուր առմամբ ընդլայնվում է Հանձնաժողովի գործիքակազմը, ավելանում են նոր մեխանիզմներ եւ լիազորություններ, որոնք հնարավորություն կտան հակամրցակցային համաձայնությունները բացահայտել առավել արդյունավետ»: ՀՀ Մրցակցային մարմնի նախագահը նշեց, որ նոր օրենսդրական փաթեթը իսկապես մեծ չափով կնպաստի Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը եւ մեր երկրում մրցակցային պայմանների բարելավմանը:

Նոր օրինագիծ. նախատեսվում է սահմանել չհիմնավորված բարձր եւ ցածր գին, տուգանքները կլինեն տոկոսներով. Շաբոյան