ԱՄՆ-ում գտնվող ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի պատվիրակության անդամները հանդիպել են «Քարնեգի» հիմնադրամի փորձագետներին: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ լրատվական ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության ու Հայաստանի արտաքին քաղաքականության արդի հիմնախնդիրներին, հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող այլ հարցերի:

Պատվիրակության անդամները հանդիպել են նաեւ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անդամների հետ: Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգում ընդգրկված հարցերին: Երեկոյան Վաշինգտոնի Սուրբ Մարիամ հայ առաքելական եկեղեցում հայ համայնքի անունից ընդունելություն է կազմակերպվել: