Ամերիկյան հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել հայկական խորհրդարանական պատվիրակության հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ամերիկահայերի կողմից վարվող քաղաքականության առաջնահերթությունները, այդ թվում` հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը, Հայոց ցեղասպանության ճանաչումը, Արցախում տիրող իրավիճակը, Հայաստանին եւ Արցախին հատկացվող օգնությունը, ինչպես նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունները:

Հայաստանի խորհրդարանի 5 անդամներից բաղկացած պատվիրակությունը Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ կանցկացնի հայ համայնքի ներկայացուցիչների, վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչների, փորձագետների, ինչպես նաեւ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: 

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը, «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը, ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը եւ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը ժամանել է Վաշինգտոն