«Թերեզին Շտադտ» ցեղասպանությունների թանգարանի եւ «Չարիքի հնէաբանություն» ցեղասպանությունների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Շիմոն Կրբեցը (Šimon Krbec) Չեխիայի ամենահեղինակավոր թերթերից մեկի՝ «Մլադա ֆրոնտա դնես»-ի էջերում մարտի 3-ին «Ցեղասպանությունների ուրացման վտանգավոր մշակույթ» վերտառությամբ ծավալուն հոդված է հրապարակել, որի առաջին մասը նվիրված է 30 տարի առաջ տեղի ունեցած Սումգայիթի ոճրագործությանը։

Հոդվածագիրը նշում է, որ ադրբեջանցիների կողմից իրականացված հայերի ջարդերը կրել են կազմակերպված բնույթ, խորհրդային իշխանությունների թողտվությամբ։ Նա բավականին մանրամասն ներկայացնում է ջարդերի ընթացքը։

Սումգայիթի ջարդերին նվիրված մասի վերջում Շիմոն Կրբեցը ներկայացնում է նաեւ ադրբեջանական տեսակետը՝ նկատի ունենալով վերջերս Ադրբեջանի ԱԳՆ եւ դատախազության համատեղ հայտարարությունը, եւ հետեւություն անում, որ նման մեկնաբանությունների դեպքում զոհը կարող է ներկայացվել որպես մեղավոր։

Իր հոդվածի հաջորդ երկու մասերում հեղինակը խոսում է նաեւ Հոլոքոստի եւ գնչուների ցեղասպանության մասին, փաստացի (բայց առանց բառացի նշելու) զուգահեռներ անցկացնելով նացիստների եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ։