Իրանի եւ Հայաստանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների արագ իրականացումը կարող է բարձրացնել երկկողմ հարաբերությունների մակարդակը: Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Մոհամադրեզա Արեֆը Թեհրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով, Իրանի խորհրդարանը լիովին սատարում է բոլոր բնագավառներում հարաբերությունների զարգացմանը եւ ընդլայնմանը, հաղորդում է Mehr գործակալությունը:

Նա ընդգծել է Համատեղ տնտեսական հանձնաժողովի կարեւոր դերը` հավելելով, որ հանձնաժողովի հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների արագացված իրականացումը կարող է զգալիորեն բարելավել երկու կողմերի միջեւ հարաբերությունների մակարդակը:

Հանդիպման ժամանակ Թեհրանում Հայաստանի դեսպանը կարեւորել է նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ դրական գնահատական տվել երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերությունների զարգացմանը: