Սերժ Սարգսյանի կողմից արձանագրությունների չեղարկումը Թուրքիայի կողմից դրական կամ բացասական որեւէ հակազդեցություն չի առաջացնի: Այս մասին Ermenihaber.am-ի  հետ զրույցում, անդրադառնալով հայ-թուրքական անձանագրությունների չեղարկմանը՝ նշել է Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական, պոլսահայ լրագրող եւ գրող Էթյեն Մահչուփյանը:

«Արձանագրություններն առանց այդ էլ չէին գործում ու սպասելիքներ էլ չկային: Այդ պատճառով չպետք է սպասել, որ Թուրքիան որեւէ դիվանագիտական պատասխան կտա այս քայլին: Մյուս կողմից չենք էլ կարող ասել, որ այս քայլը բացասական հետեւանքներ կունենա»,-ասել է նա:

Հարցին, թե ինչով է պայմանավորված թուրքական պաշտոնական շրջանակների կողմից արձագանքի իսպառ բացակայությունը, Մահչուփյանը պատասխանել է, որ պատճառը ներկա պահին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ առաջնային լինելն է Թուրքիայի համար:

«Արձագանքի բացակայության պաճառն այն է, որ Թուրքիան այլ խնդիրների համեմատ ավելի քիչ կարեւորություն է տալիս հայ-թուրքական հարաբերություններին: Պիտի նկատել, որ ներքաղաքական դաշտում ԱԶԿ-ն («Արդարություն եւ զարգացում կուսակցություն»-AKP) եւ ԱՇԿ-ն («Ազգայնական շարժում կուսակցություն»-MHP) ազգայնականության վրա հիմնված կոալիցիա են կազմել: Եվ նման պայմաններում Հայաստանի հետ հարաբերություններում դրական մոտեցում ցուցաբերելու հնարավորություններն ի չիք են դառնում»:

Հարցին, թե հնարավոր է արձանագրությունների չեղարկումից հետո Թուրքիան ավելի կոշտացնի Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը, պոլսահայ լրագրողը բացասական պատասխան տվեց:

«Չեմ կարծում, թե քաղաքականության կոշտացում կլինի: Հիմնական հետեւանքը կլինի Թուրքիայի կողմից անտարբերությունն ու հետաքրքրության բացակայությունը»,- եզրափակել է Մահչուփյանը: