ԱՄՆ դեսպանի գնահատականները ոչ այնքան որպես սուր քննադատություն ենք ընկալում, այլ որպես ջանացավ գործընկերոջ առաջարկություն կամ առողջ քննադատություն: Այս մասին, այսօր՝ մարտի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարություններին, ըստ որի կոռուպցիան հետ է պահում ամերիկացի ներդրողներին Հայաստանում ներդրումներ անելուց, նաեւ ՀՀ-ում ազդեցիկ մարդիկ անարդար միջավայր են ստեղծում:

Շարմազանովի խոսքով, ՀՀ իշխանությունների առանձնակի ուշադրության կենտրոնում են հակակոռուպցիոն միջոցառումները, եւ Հայաստանի ժողովրդավարացումը. «Մենք դրա համար ջանքեր ենք գործադրում օրենսդրական փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ համար: Վերջին մեկ տարում հակակոռուպցիոն մի քանի օրենսդրական նախաձեռնություններ ընդունվել են:

Դրանք դեռ ավարտված չեն ու մենք շարունակելու ենք Հայաստանում հակակառուպցիոն գործողությունները նաեւ հաշվի առնելով եվրոպացի եւ ամերիկացի գործընկների փորձը: Այդ իմաստով ՀՀ իշխանությունը երբեք չի ասել, որ Հայաստանում չկան վատ երեւույթներ, ինչպիսին կոռուպցիան է, մենաշնորհն է: Պարզապես մենք պետք է տեսնենք՝ ճի՞շտ ուղղությամբ ենք գնում, թե՞ չէ, երե՞կ էր ավելի շատ պրոբլեմ, թե՞ այսօր», - ասաց Շարմազանովը:

Նա նաեւ հույս հայտնեց, որ օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում կներդրվեն մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան ավելի արդյունավետ պայքարել թերությունների դեմ. «Ցանկացած երկրում՝ Միացյալ Նահանգներից մինչեւ Ռուսաստան եւ Ավստրալիա, կան կոռուպցիոն երեւույթներ, բայց որեւէ մեկը ավելի շատ շահագրգռված չէ, որ Հայաստանում ժողովրդավարական արժեքները զարգանան, քան՝ Հայաստանի գործող իշխանությունները։ Մենք ունենք քաղաքական կամք։ Մենք ուշադիր կլսենք մեր բոլոր արտասահմանցի գործընկերների կառուցողական առաջարկները, եւ եթե կարիք լինի, նոր կարգով կսկսենք բարեփոխումներ իրականացնել»,-ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Ավելի վաղ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում նշել էր. «Կոռուպցիայի այն տեսակը, որն առավել մտահոգիչ է, եւ որը հետ է պահում ամերիկյան ներդրողներին, այն կոռուպցիան է, որի հետեւանքով փակվում են շուկաները, ձեւավորվում է անարդար մրցակցություն: Դա այն է, երբ տնտեսական, քաղաքական կապեր ունեցող ազդեցիկ մարդիկ ծառայեցնում են իրենց հնարավորություններն ու լծակները իրենց շահերին, եւ արդյունքում ստեղծվում է անարդար միջավայր, չեն հաստատվում խաղի հավասար պայմաններ»:

ԱՄՆ դեսպանը նաեւ ներկայացրել էր մի օրինակ, երբ ամերիկացի ներդրողը կամ գործարարը գալիս է դեսպանատուն՝ քննարկելու հնարավոր ներդրումը կամ առեւտրային գործարքը Հայաստանում, առաջին հարցը, որ նա տալիս է ինձ, հետեւյալն է՝ կարո՞ղ է համոզված լինել, որ իմ հանդեպ կլինի արդարացի եւ հավասար մոտեցում. «Կարծում եմ՝ սրա գաղտնիքն այն է, որ Հայաստանն ունենա ազատ, արդար եւ անկախ դատական համակարգ, անկախ դատավորներ, որոնք կարող են արդար վճիռներ կայացնել: Եվ ես շատ ուրախ եմ, որ վարչապետի կողմից, ինչպես նշվել է մեր զրույցներում, այս հանգամանքը եւս կարեւորվում է, եւ նա գիտակցում է անկախ դատարանի կարեւորությունը ամերիկյան գործարարների եւ ներդրողների համար»:

«Ժամանակ». «Հայաստանում ազդեցիկ մարդիկ անարդար միջավայր են ստեղծում». ԱՄՆ-ը մտահոգ է