«Մարիաննա» կաթնամթերքի գործարանը պարզաբանել է, որ արտադրանքներից մեկի՝ կաթնաշոռային պանրի տուփի վրա նշված «մարտի 9-» արտադության ամսաթիվը տենիկական վրիպակի արդյունք է, ոչ թե «ապագայի» թվագրություն:

Պարզաբանման մեջ նշվում է.

«Տեղի ունեցածը զուտ տեխնիկական խափանման արդյունք է:

«Մարիաննա» կաթնաշոռային պանրի պիտանիության ժամկետն է` 120 օր: Այս խմբաքանակի արտադրման թվականն է 05.03.18: Այս ժամկետին գումարելով 120 օր ստանում ենք այն վերջնաժամկետը, որը եւ նշված է տուփի վրա` 02.07.18: Եթե սա լիներ 09.03-ի արտադրանք, ինչպես սխալմամբ նշվել է, ապա 120 օրից վերջնաժամկետը կլիներ 06.07.18: Ուստի ակնհայտ է, որ տեղի է ունեցել տեխնիկական սխալ, այլ ոչ թե «ապագայի» մթերք արտադրելու միտում, որի համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները, սպառողի ահազանգի հիման վրա իրականացրած վերահսկողական գործողությունների արդյունքում, Երեւանի իրացման ցանցում հայտնաբերել են այսպես կոչված «ապագայի» սննդամթերք։

«Մարիաննայի» ապրանքանիշի 100գր. քաշով կաթնաշոռային պանիրների վրա որպես արտադրության օր նշված է եղել 09.03.2018թ: Հայտնաբերված կաթնաշոռային պանիրները հանվել են վաճառքից, իսկ արտարողին հանձնարարվել է հետ կանչել ամբողջ խմբաքանակը եւ պարզաբանել ստեղծված իրավիճակի պատճառները:

Ըստ արտադրողի՝ տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ, ինչի համար հայցում է սպառողների ներողամտությունը: