Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Գրիգոր Ղարագյոզյանը 1992 թվականի սեպտեմբերին անհետ կորել էր: Այդ ժամանակից ի վեր Գրիգորի ընտանիքը, չնայած երկար որոնումներին, նրա մասին որեւէ տեղեկություն չունի:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գրիգորի քույրը՝ Գրետան, պատմել է եղբոր մասին իր հիշողությունները:

Գրիգոր Ղարագյոզյանը ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 16-ին: Բանակում ծառայելուց հետո Գրիգորը արձագանքեց  պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի (1992 թվականի հունիս) կոչին եւ հայրենիքի այլ պաշտպանների հետ միացավ մահապարտների ջոկատներից մեկին՝«Արծիվին»: 1992 թվականի սեպտեմբերի 2-ին Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի մոտակայքում տեղի ունեցած մարտերում նա աջ քունքին ծանր վնասվածք ստացավ: Ըստ ջոկատի հրամանատարի՝ նրան տեղափոխել են բժշկական բաժին եւ պետք է ուղարկեին Կիչանի հիվանդանոց: Կիչանի կամուրջի վրա նրան վերջին անգամ են տեսել:

«Դրանից հետո, կարծես գետնի տակ անցավ, եւ նրա ճակատագիրը հայտնի չէ: Հիվանդանոցներով երկար ժամանակ փնտրել ենք: Այդ օրերին սարսափելի մարտեր էին ընթանում, շատ վիրավորների ընդհանուր իրարանցման մեջ չէին գրանցում», - ասում է Գրետան: Փնտրել են ավագ եղբոր՝ Գագիկի հետ:

 «Գրիգորն իմ կրտսեր եղբայրն է: Մենք փնտրել ենք ինչպես կարող էնք: Կարմիր խաչի միջոցով,  նույնիսկ «Սպասիր ինձ» ծրագրի միջոցով: Եղբայրս շատ գեղեցիկ էր: Նկարիչ էր: Նա 21 տարեկան էլ չկար: Ընկերուհին Ռոստովից էր: Տարօրինակ է՝ ճակատագիրը կրկնվում է: Հորեղբորս անունն էլ է Գրիգոր: Նա էլ էր նկարիչ եւ ընկերուհին նույնպես Ռոստովից էր եւ նա էլ անհետ կորավ», - աչքերը սրբելով ասում է Գրետան: