Հայաստանի պետական բյուջեի ծախսային մասում կրթության մասնաբաժինը 2006 թվականից կանոնավոր կերպով նվազում է: Այս մասին մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսական գիտությունների դոկտոր Արտակ Մանուկյանը:Ըստ նրա՝ վերջին տարիներին կրթությանն ուղղված ծախսերը չեն գերազանցում ընդհանուր ծավալի 8-9 տոկոսը, ինչը զգալի կերպով զիջում է զարգացած եւ նույնիսկ մյուս զարգացող երկրներին: Ընդ որում, կրթությանն ուղղված բյուջետային ծախսերի հարաբերակցությունը ՀՆԱ-ին չափազանց ցածր է. վերջին մի քանի տարիների միջին ցուցանիշն ընդամենը 2.4 տոկոս է կազմել:

Փորձագետի կարծիքով՝  իշխանությունների կողմից ընդունված 2014-2025 թվականների կրթության երկարաժամկետ զարգացման ռազմավարական ծրագիրն իրականանալի չէ, քանի որ այս ծրագրով, օրինակ, նախատեսվում է, որ 2021 թվականին կրթության վրա բյուջետային ծախսերի հարաբերակցությունը պետք է հասցվի 3.3 տոկոսի: Մինչդեռ իշխանությունները մտադիր են 2018 թվականին կրճատել այս ցուցանիշը մինչեւ 2.18 տոկոս, 2019 թվականին՝ մինչեւ 1.99 տոկոս, 2020-ին՝ 1.85 տոկոս:

«Նկատվում է նաեւ կրթության ոլորտի հաշվին բյուջետային ծախսերի առաջնահերթության փոփոխություն: Օրինակ, 2008 թվականին կրթությանն ուղղված բյուջետային ծախսերը 5.1 անգամ գերազանցում էին ոստիկանության ֆինանսավորումը: Արդեն 10 տարի անց` 2018 թվականին, այս հարաբերակցությունը կկրճատվի մինչեւ 3.2 անգամ»,- նշեց տնտեսագետը: Մինչդեռ, ըստ Արտակ Մանուկյանի, կրթությանն ուղղված բյուջետային ծախսերը 10 տարվա ընթացքում ավելացել են 20 տոկոսով, իսկ այս տարիների ընթացքում ոստիկանության բյուջետային ֆինանսավորումն ավելացել է 2 անգամ: «Թվերը խոսում են այն մասին, որ իշխանությունները փորձում են ավելի շատ ֆինանսավորել ոստիկանությանը, քան կրթության ոլորտը», - ընդգծել է նա:

Ընդհանուր առմամբ, ըստ տնտեսագետի, Հայաստանում կրթական ծառայությունների ծավալը տարեկան աճում է միջինում 5 տոկոսով, սակայն երկրում մատուցվող ծառայությունների ընդհանուր ծավալում կրթությանը հատկացվող դրամական միջոցների չափաբաժինը ամեն տարի կրճատվում է: