Ռուսական կողմն անուղղակիորեն իր գնահատականը տվել է հայ-թուրքական արձանագրություններին, քանի որ ռուսական պատվիրակությունը գտնվում էր Ցյուրիխում եւ ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում այդ գործընթացին: Այս մասին մարտի 7-ին՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հարցին անդրադարձել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Գնահատականները ժամանակին տրվել են եւ մեր վերաբերմունքը շարունակում է ակտուալ մնալ: Ռուսական կողմը ելնում է հարաբերությունների կարգավորման կարեւորությունից՝ ի շահ երկու երկրների: Մեր կողմից մշտապես արել ենք ամեն բան հանուն այդ նպատակի»,–հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում՝ Շվեյցարիայի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում Հայաստանն ու Թուրքիան նախաստորագրեցին երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրությունները։ Հայկական կողմից արձանագրությունները ստորագրել էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, իսկ թուրքական կողմից՝ Ահմեդ Դավուօղլուն։ Ստորագրվել է 2 փաստաթուղթ՝ արձանագրություն, որոնք են՝ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները։

Ստորագրման արարողությանը ներկա են եղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշները, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարը, Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան:

Հայաստանի իշխանությունները հաջորդ տարվա փետրվարին արձանագրություններն ուղարկեցին Ազգային ժողով վավերացման գործընթացի համար, սակայն Թուրքիան տեւական ժամանակ երկարաձգում էր վավերացման ժամկետները, դեռ ավելին՝ պարբերաբար նախապայմաններ էր առաջ քաշում, այդ թվում, արձանագրությունների վավերացումը կապում էր ղարաբաղյան խնդրի հետ։

Չնայած որ 1991 թվականի դեկտեմբերի 24-ին Թուրքիան դե ֆակտո ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, սակայն այն մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, այսինքն` դե յուրե ճանաչել Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ 1993 թվականին Թուրքիան միակողմանի փակել է օդային եւ ցամաքային սահմանը Հայաստանի հետ։

2010թ. ապրիլի 22-ին նախ Հայաստանի իշխող կոալիցիան որոշում է կայացնումՀՀ Ազգային ժողովում առկախել արձանագրությունների վավերացման ընթացքը, ապա նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է գալիս կոչով, որով հայտարարում է Հայաստանի Հանրապետության կողմից արձանագրությունների վավերացման ընթացքի կասեցման մասին։ Այդ մասին ծանուցումն ուղարկվում է Թուրքիա։

2015թ. Սերժ Սարգսյանը հետ կանչեց արձանագրությունները Ազգային ժողովից։ 

Իսկ ամիսներ առաջ՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հայ-թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ շարունակաբար որեւէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը դրանք հայտարարելու է առ ոչինչ եւ 2018 թվականի գարուն է մտնելու առանց այդ արձանագրությունների:

 2018 թվականի մարտի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով դադարեցրել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը: