Երեւանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի ղեկավար Գեւորգ Օրբելյանն այսօր՝ մարտի 7-ին, լրագրողներին ներկայացնում էր Երեւանում զբոսաշրջության զարգացման ծրագրերը, ինչպես նաեւ 2017 թվականի հաշվետվությունը։ Երեւանի զարգացման վերաբերյալ քաղաքապետարանի անցած տարվա հաշվետվությունը գրքույկի տեսքով բաժանել էր նաեւ լրագրողներին։ Տպավորություն էր, որ «տիտանական» աշխատանքների արդյունքում պետք է արդեն լուծված լիներ կամ առնվազն այս տարվա կտրվածքով պետք է լուծվեր հասարակական զուգարանի սակավության խնդիրը, որը քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար նույնքան լրջագույն հարց է, որքան Երեւանի կիսավեր երթուղային տաքսիները։

Տուրիզմի բաժնի ղեկավար Գեւորգ Օրբելյանի հետ մեր զրույցից ակնհայտ դարձավ, որ հասարակական զուգարանների գծով Տարոն Մարգարյանի հույսը Երեւանում գործող մասնավոր կառույցների՝ խանութների, ռեստորանների եւ սրճարանների աշխատակիցների բարեհաճությունն է։ Մի բան, որ չես տեսնի աշխարհի որեւէ զարգացած երկրում։ Այսինքն, Երեւանում տուրիստները պետք է մտնեն խանութներ ու ռեստորաններ (ոչ որպես հաճախորդ) եւ խնդրեն օգտվել զուգարանից, աշխատակիցներն էլ հանուն զբոսաշրջության զարգացման նրանց լայն ժպիտով ուղեկցեն։ Ըստ նրա՝ անցած տարվա ընթացքում Երեւան է այցելել 7 հազար զբոսաշրջիկ։ «Մենք մասնավոր ընկերությունների հետ ունենք շատ լավ հարաբերություններ երկուստեք եւ նրանք պատրաստակամ են, նման դեպք չի արձանագրվել, որ երբ զբոսաշրջիկը ուզենա խանութների, ռեստորանների ու սրճարանների զուգարաններից օգտվի ու խնդիր առաջացնի դա։ Այդ իսկ պատճառով քաղաքի կենտրոնում հավելյալ կառույցներ նախատեսել հասարակական զուգարանների տեսքով, դա կլինի արդեն չափից դուրս շենք շինությունների մասով։ Օրինակ, «Վերնիսաժ»–ը երբ որ կառուցվում է, աջ եւ ձախ կողմերից ունի հասարակական զուգարաններ՝ երկու մուտքով, մյուս բոլոր մասնավոր ընկերությունների դերը բարձր ենք գնահատում եւ մշտապես այդ կարծիքին ենք, որ այդ հարցը լուծվի։ Խնդիր չի լինի զբոսաշրջիկի համար, մասնավոր ընկերությունները դա բարձր են գնահատում»,– մեկնաբանեց քաղաքապետարանի ներկայացուցիչը։ 

NEWS.am-ի  հարցին՝ այսինքն, մայրաքաղաքում տուրիզմ զարգացնող Տարոն Մարգարյանի հույսն իր նշած մասնավոր ընկերությունների զուգարաննե՞րն են, Օրբելյանը պատասխանեց. «Մասնավոր ընկերության հետ պայմանավորվելու հարց չի, ուղղակի մեր հյուրընկալությունը ցույց է տալիս, որ ինչ–որ զբոսաշրջիկ երբեւիցե չի գնա ինչ–որ զուգարանից օգտվի, եւ ասեն՝ փակ է, ես անձնապես մի կարծիք հայտնեմ, օրինակ, Նյու Յորքում այդ հարցը ավելի բարձր ձեւով նշմարված է, որ եթե մտնում եք զուգարանից օգտվելու, չմտնեք, պաստառ կա փակցրած Նյու Յորքի նման քաղաքում, բայց մեզ մոտ այդպես չի»։

Գեւորգ Օրբելյանին մեկ անգամ եւս հարցրինք՝ իր նկարագրածից արդյոք չի ստացվում, որ քաղաքապետի հույսը այդ կառույցներն են, պարզաբանեց. «Եթե սրճարանային հատված է կառուցվում, քաղաքաշինության նորմով պետք է ապահովի հասարակական զուգարան, դա բոլորի համար է, բոլորը կարող են օգտվել։ Ցուցանակներ կան որոշ տեղերում փակցված, գույքագրում արել ենք դեռ անցած տարվանից, հիմա մեր տուրիստական քարտեզի վրա կլինի զուգարանների տեղերը եւ անվճար հասարակական զուգարանները»։

Վերջինս շեշտեց, որ Երեւանը կոլորիտային քաղաք է, եւ շատ զուգարանների կառուցումը չի խրախուսում։ «Մեր քաղաքը փոքր կոլորիտային քաղաք է, եւ շատ զուգարաններ կառուցելը չենք խրախուսում։ Հնարավորինս կազմակերպում ենք, որ որոշակի հասարակական վայրերում լինեն զուգարաններ։ Անցած տարվանից գույքագրել ենք, դա թիվ մեկ խնդիրը չէ»։