Հայաստանում նախադպրոցական կրթական հաստատությունների սաների թիվն ամեն տարի ավելանում է, սակայն մանկապարտեզներ է հաճախում համապատասխան տարիքի երեխաների միայն 2/3-ը: Այս մասին մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագիտության դոկտոր Արտակ Մանուկյանը:

Ըստ որում՝ Հայաստանի մարզերում նախադպրոցական տարիքի երեխաների 83 տոկոսը մանկապարտեզներ չի հաճախում: «Սա պայմանավորված է ոչ այնքան նրանով, որ մարզերում նախադպրոցական ուսումնական հաստատություներ չկան, որքան նրանով, որ շատ ընտանիքներ դա ավելորդություն են համարում եւ չեն ցանականում լրացուցիչ ֆինանսական բեռ ունենալ»,- նշեց տնտեսագետը:

Մինչդեռ, շարունակեց նա, պրակտիկան ցույց է տալիս, որ մանկապարտեզներ հաճախած երեխաներն ուսումնական ավելի բարձր առաջադիմություն են ունենում, քան նրանք, ովքեր նախադպրոցական հաստատության սան չեն եղել: