Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին մասնակցել է Բրյուսելում «Հայաստանի եվրոպական բարեկամներ»–ի կազմակերպած հանդիպմանը։

Հանդիպմանը, որը համակարգում էր «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոն, մասնակցել են ԵՄ կառույցների, դիվանագիտական կորպուսի, միջազգային հասարակական կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ, փորձագետներ, լրագրողներ։  

Դեսպան Սվիտալսկին լավատեսություն է հայտնել անցյալ տարվա նոյեմբերին Հայաստանի եւ ԵՄ-ի միջև ստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման եւ կյանքի կոչման առնչությամբ: Նրա խոսքով, ԵՄ-ն համաձայնագրի  բարեխղճորեն իրականացման  հստակ ազդակներ ունի:

«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանն Արեւելյան գործընկերության ծրագրի ամենափոքր պետությունն է, բայց Հայաստանն ավելի է շահագրգռված ԵՄ-ի հետ հարաբերություններում», - ավելացրել է  դիվանագետը:

Նա նաև ընդգծել է, որ համաձայնագիրը կարող է Հայաստանի տնտեսական ներուժի զարգացման համար անհրաժեշտ ներքին բարեփոխումների կատալիզատոր դառնալ։ Դեսպանը նշել է, որ «Հայաստանը ունի աճի եւ բարգավաճման բոլոր բաղադրիչները», ավելի կոնկրետ՝ մարդկային կապիտալ, սակայն փոփոխություններն անհրաժեշտ են կայուն տնտեսական զարգացման համար, որին ներկայումս խոչընդոտում է չափից ավելի մենաշնորհված համակարգը, ինչը խոչընդոտ է հանդիսանում հայ երիտասարդ ձեռնարկատերերի համար եւ, ի վերջո, հանգեցնում է նրան, որ երիտասարդ եւ տաղանդավոր մարդիկ հեռանան երկրից:

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաեւ գենդերային անհավասարության, արտագաղթի, վիզաների ազատականացման հարցերը:

Հանդիպման ավարտին տնօրեն Դիոգո Պինտոն շեշտել է, որ Հայաստանի եվրոպական բարեկամները կշարունակեն աշխատել, որ կարևոր հարցերի լուծման ժամանակ Հայաստանը և ԵՄ–ն մի կողմում գտնվեն։