ԵՄ-ն նախազգուշացրել է Մեծ Բրիտանիային բրեքսիթից հետո անխուսափելի բացասական տնտեսական հետեւանքների մասին: Երբ Լոնդոնը դադարի մաքսային միության եւ ԵՄ ներքին շուկայի մաս լինել, Բրյուսելի հետ առեւտրային հարաբերություններում բարդություններն «անխուսափելի» կլինեն: Այս մասին նշվում է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ ԵՄ 27 անդամ երկրների ղեկավարներին ուղղված ուղերձում, փոխանցում է DW-ն:

Եվրամիությունից դուրս գալուց հետո Բրիտանիայի հետ հարաբերությունների մասին փաստաթուղթը ներկայացվել է մարտի 7-ին Լյուքսեմբուրգում կայացած համաժողովին: Հիմնական դրույթները պետք է հաստատվեն Եվրամիության պետությունների եւ կառավարության ղեկավարների կողմից մինչեւ մարտի վերջը: Մարտի 2-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը դեմ էր հանդես եկել ԵՄ-ի հետ մաքսային միությանը, սակայն վստահություն էր հայտնել Բրյուսելի հետ ազատ առեւտրի մասին համապարփակ համաձայնագրի անհրաժեշտության մեջ, որում կներկայացվեն համագործակցության մեխանիզմները մի շարք տնտեսական ոլորտներում:

Տուսկը թերահավատորեն է արձագանքել բրիտանական կառավարության ղեկավարի առաջարկին՝ հայտարարելով, որ նման «ընտրողական մոտեցումը անհնար է»: Ընդ որում, նա ընդգծել է, որ բրեքսիթից հետո Մեծ Բրիտանիան պաշտոնապես «երրորդ երկրի» կարգավիճակ կստանա: Միացյալ Թագավորության հետ ցանկացած համաձայնություն պետք է «հիմնվի իրավունքների եւ պարտականությունների հավասարակշռության վրա», հավելել է նա: