Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի։ Այդ մասին «Ազատություն»  ռադիոկայանի հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

Նախարարը վստահեցնում է՝ Սահմանադրության պահանջի համար լիովին բավարար է, որ Արմեն Սարգսյանը դիմում է գրել եւ հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից, իսկ թե երբ են այդ երկրի իշխանությունները հարցին լուծում տվել, ապա դա, ըստ նախարարի, էական չէ:

«Կարծում եմ, որ լեգիտիմության թիրախավորումը՝ այն աղմուկը, որ հանվում է, իրականում որեւէ հիմնավորում չունի»,- ասել է նա։ Դիտարկմանը, թե ի վերջո հանրության այդ կասկածները փարատելու համար չպե՞տք է հրապարակվի Մեծ Բրիտանիայի իշխանությունների կողմից ներկայացված փաստաթուղթը, Հարությունյանը պատասխանել է. «Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ այլ երկրի վարչական գործընթացների հետ»։