Հանրապետական կուսակցությունը  քաղաքացու ընդվզելու կամքը  ընտրություններին գնել է 10 հազար դրամով, եւ այդ պատճառով էլ ՀՀԿ–ականները վստահեցնում են, որ «Ելք»–ի թիկունքին ժողովուրդ չկա։  Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը  NEWS.am–ի հետ զրույցում անդրադառնալով «Ելք»–ի Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու դեմ փողոցային պայքար սկսելու մտադրությանը՝ ասել էր, որ դաշինքի թիկունքին ժողովուրդ չկա։ ՀՀԿ–ականները տարբեր զրույցներում վստահեցնում են, որ ժողովուրդը այդ ընդվզմանը չի միանա եւ այն կտապալվի։

«Լավ կլինի, որ նման տեսակետ ասող ընկերները իրենց վարկանիշի մասին մտածեն։ Երբ որ վճարում ես քվեի համար ու խոսում ես երկրից, պետականությունից, արդարությունից, ազգ–բանակից, չի կարող ոչինչ լինել, հենց էդ գումարը տվեցիր, քաղաքացու կամքն ու կարծիքը այդքան գնահատեցիր, ավարտվում է ամեն ինչ։  Իսկ այն մարդիկ, ովքեր գումար են վերցրել, ՀՀԿ–ականները վստահ են, որ այդ մարդկանց  լռության դիմաց վճարել են եւ վերջ։ Գիտեն այդ մարդկանց անուն առ անուն,  ընտրությունների տետրերում գրված են այդ մարդկանց անունները, ինչպես ֆեոդալների մոտ ճորտերի ցուցակն է։ Եւ համապատասխան իրավիճակում կհանեն դրանք, կտան իրենց ոստիկանների ձեռքը, դպրոցի տնօրենների ձեռքը եւ կասեն՝ գնացեք  էդ մարդկանց տներն ու ասեք՝ փողը վերցրել եք, ձեզ խելոք պահեք»,–ասաց Արամ Սարգսյանը։  

Մեր զրուցակիցն ասաց, որ իշխանության համար 10 հազար դրամ ընտրակաշառքն է շատերի փողոց դուրս չգալու երաշխի՞քը։ «Երբ որ մարդը իր վրա կոմպրոմատ ունի, իսկ 10 հազար դրամն էլ հենց էդ կոմպրոմատն է,  անընդհատ դա իրենց դեմ օգտագործվելու է։ Իշխանություները պահում են դա եւ երբ մարդիկ ուզում են տեսակետ ասել, նրանց տեղն են դնում, հիմա մտածում են՝ կարող են անել դա։ Չգիտեմ, որքանով է ժողովուրդը «Ելք»–ին իրենցն  համարում, (բացի այն 122 հազարից, որ  ընտրել է «Ելք»–ին) բայց ես գիտեմ մի բան, որ ժողովրդի 90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանն ու իր ձեւավորած իշխանությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի  երկիրը։ Լավ կլինի, որ ՀՀԿ–ականները ոչ թե «Ելք»–ի, այլ իրենց մասին մտածեն»։