Մարտի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին եւ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի գրասենյակի Բալկանյան, Սեւծովյան եւ Հարավկովկասյան տարածաշրջանային հարցերի պատասխանատու դոկտոր Թիֆանի Պետրոսին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը մասնավորապես կարեւորել է 2018 թվականի ընթացքում հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցությունների անցկացումը եւ դրանց արդյունքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության նոր ծրագրերի նախաձեռնումը:

Դոկտոր Պետրոսը ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի անունից շնորհակալություն է հայտնել միջազգային խաղաղության եւ կայունության ապահովման առաքելություններին Հայաստանի ակտիվ եւ արդյունավետ մասնակցության համար, հավաստիացրել, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել երկկողմ համագործակցության ծրագրերի իրականացմանը, որոնք ուղղված են աջակցելու պաշտպանական բարեփոխումների իրականացմանը եւ խաղաղության ու կայունության ապահովման առաքելություններում ներգրավվող ՀՀ ԶՈՒ կարողությունների պատրաստությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: