Կուբայի իշխանությունները չորեքշաբթի օրը Հավանայի միջազգային օդանավակայանում ձերբակալել եւ երկրից արտաքսել են 1998-2002 թվականներին Կոլումբիայի նախագահ Անդրես Պաստարանուին եւ 2001-2002 թվականներին Բոլիվիայի նախագահ Խորխե Կիրոգուին, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Prensa Latina-ն:

«Կուբան չի թույլատրել իր տարածք մուտք գործել Կոլումբիայի եւ Բոլիվիայի նախկին նախագահներ Անդրես Պաստարանուին եւ Խորխե Կիրոգեին, որոնք ներգրավված են հակակուբայական սադրանքի մեջ: Ժոզե Մարտիի անվան միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո նրանք կրկին նստեցվել են ինքնաթիռ»,- նշում է գործակալությունը:

Պաստարանուն եւ Կիրոgեն ժամանել էին Հավանա Բոգոտա քաղաքից: Հինգշաբթի օրը նրանք ծրագրում էին մասնակցել մրցանակաբաշխության արարողությանը, որը շնորհվում է «Լատինաամերիկյան երիտասարդական ցանցը՝ հանուն ժողովրդավարության» կուբայական դիսիդենտական կազմակերպության կողմից: Այն ղեկավարում է Ռոսա Մարիա Պայան՝ 2012 թվականին ավտովթարի հետեւանքով զոհված կուբացի ընդդիմադիր գործիչ Օսվալդո Պայայի դուստրը:

Նախկին նախագահները Twitter-ում հայտնել են, որ Կուբայի մայրաքաղաք ժամանելուն պես նրանք ձերբակալվել են միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից: Երկու ժամ հետո քաղաքական գործիչները վերադարձվել են Բոգոտա: Prensa Latina-ն նշում է, որ Կուբայի իշխանություններին հաջողվել է «ձախողել սադրանքները»՝ միջազգային ասպարեզում «անկայունություն առաջացնելու, երկրի իմիջը խաթարելու եւ տարածաշրջանի այլ երկրների հետ Կուբայի դիվանագիտական հարաբերություններին վնասելու նպատակով»: