Բջջային շուկայում ուսումնասիրություններով զբաղվող IDC ընկերությունը հետազոտություն է հրապարակել, որի համաձայն 2017 թվականի ընթացքում մարդիկ սկսել են ավելի քիչ սմարթֆոններ գնել. վաճառքները նվազել են 0.5 տոկոսով: Եվ չնայած որ կրճատումն աննշան է, սակայն նշմարող միտումը ստիպում է ՏՏ շուկային մտածել. 2016 թվականին եւս նվազում էր գրանցվել: «Մենք գիտեինք, որ վաղ թե ուշ կգա տարի, երբ սմարթֆոնների քանակությունը կսկսի կրճատվել»,- հայտարարել է IDC-ի փոխնախագահ Ռայան Ռեյթը:

Անկումը նկատվում է բոլոր խոշոր տարածաշրջանային շուկաներում՝ Ասիայում, Եվրոպայում, Չինաստանում, ԱՄՆ-ում: Միակ տարածաշրջանը, որտեղ վաճառքները շարունակում է աճել, զարգացող երկրներն են: Երրորդ աշխարհի երկրներում շատերն առաջին անգամ են սմարթֆոններ գնում: Ընդհանուր առմամբ, անցյալ տարի աշխարհում 1.5 միլիարդ սմարթֆոն է վաճառվել, որից 85 տոկոսը՝ Android օպերացիոն համակարգով, իսկ 15 տոկոսը` iOS- ով: Ըստ Himnark հայկական ՏՏ ընկերության ընկերության տնօրեն եւ համահիմնադիր Ռուբեն Օսիպյանի՝ վաճառքների կրճատումը սպասելի էր: Նա բացատրում է այս հանգամանքը նրանով, որ սմարթֆոնների նոր մոդելները քիչ են տարբերվում նախորդներից, ուստի իմաստ չկա, որպեսզի օգտվողները հաճախ փոխեն իրենց սարքերը: «Վաճառքի տեմպերը կրճատվում են, քանի որ մշակողները սկզբունքայնորեն նոր ֆունկցիաներ չեն առաջարկում. որպես կանոն, մարդիկ սմարթֆոններ են գնում միայն օպերացիոն համակարգերի թարմացման համար: Այսպես կոչված Մուրի օրենքը նույնպես վկայում է, որ «երկաթ»-ի արտադրողականությունը պետք է կրկնապատկվի ամեն 18 ամիսը մեկ: Գործնականում այս արագացումն արդեն հասել է առավելագույն մակարդակի եւ վերջին տարիներին դանդաղել է: Սա նշանակում է, որ գործող համակարգերի զարգացման ներկայիս մակարդակով արտադրողականության հետագա աճ հնարավոր չէ»,- ասում է Օսիպյանը:

Հայաստանը դուրս է մնում ընդհանուր միտումից: Armstat-ի տվյալներով՝ այստեղ 91 միլիոն դոլարի հեռախոսներ են գնել, ինչը նախորդ տարվա համեմատ (9 միլիոն) 1 միլիոնով ավել է: Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ օգտվողների հետաքրքությունը սմարթֆոնների նկատմամբ կարելի է վերադարձնել նոր լուծումները: «Սմարթֆոններն իրենց հաշվիչ հզորությամբ եւ մի շարք այլ պարամետրերով գրեթե համապատասխանում են համակարգիչներին, ընդ որում, դրանք չափերով ավոլի փոքր են եւ ավելի դիմացկուն: Այս ոլորտում տեխնոլոգիական առաջընթացը դանդաղել է, իսկ սարքերի թարմացման ժամանակային ցիկլը ավելացել է: Այժմ մեկ գնված սմարթֆոնն ավելի երկար է ծառայում, եւ հենց սա էլ հանգեցրել է վաճառքների կրճատմանը: Օգտագործողներին հետաքրքրելու եւ վաճառքներն ավելացնելու համար արտադրողները պետք է ավելի մեշ ճկունություն եւ բազմազանություն դրսեւորեն լուծումների մշակման գործում»:

Նման լուծումներից մեկը, ըստ վերլուծաբանների կանխատեսումների, կարող են դառնալ 5G ցանցով սմարթֆոնները: ՏՏ շուկայի խոշորագույն խաղացողները հուսով են, որ նրանք կփոխեն իրավիճակը դեպի լավը, սակայն դրանք կթողարկվեն միայն 2019 թվականին: Փորձագետները մեծ հույսեր են կապում նաեւ ֆաբլեթների հետ. ակնկալվում է, որ 2018 թվականին ավելի մեծ՝ ավել քան 5.5 դյույմ էկրանով սարքերն առաջին անգամ վաճառքի ցուցանիշներով առաջ կանցնեն սովորական սմարթֆոններից:

Յանա Իսրայելյան