ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի արտաքին օգնության հատկացումների հանձնաժողովի նախագահ Հալ Ռոջերսին եւ հանձնաժողովի անդամ Նիտա Լոուեին 2019 ֆինանսական տարում սատարել Արցախի եւ Հայաստանի համար նախատեսված 70 միլիոն դոլարի օգնության փաթեթը: Այս մասին հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Հանձնախումբը առաջարկել է սատարել փաթեթը, որից 6 միլիոն դոլար նախատեսվում է տրամադրել Արցախին՝ ականազերծման եւ հաշմանդամների օգնության համար, 4 միլիոն դոլար՝ Ռոյսի եւ Էնգելսի առաջարկի առաջխաղացման համար, 30 միլիոն դոլար Հայաստանին՝ որպես տնտեսական օգնություն, 10 միլիոն դոլար՝ որպես ռազմական օգնություն, ինչպես նաեւ 20 միլիոն դոլար՝ որպես Միջին Արեւելքից փախստականների ընդունման համար օգնություն:

Հանձնախումբը խնդրել է նաեւ ռազմական օգնություն չտրամադրել Ադրբեջանին:

Հայ դատի հանձնախումբը նախաձեռնության համար շնորհակալություն է հայտնել կոնգրեսական Պալոնեին եւ նրա գործընկերներին։