Հնդկաստանի ազգային պարկերից մեկի այցելուները վագրի եւ արջի  միջեւ պայքարի ականատեսն են դարձել։ Կենդանին փորձում էր իր տարածքը պաշտպանել անկոչ հյուրից, գրում է «Nat-geo»–ն։

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Թադոբա պարկը, որը կրում է Tadoba Andhari Tiger Project անվանումն, առաջին հերթին, բնակեցված է վագրերով։ Այս պարկը վագրերի պաշտպանության համար ստեղծված նմանատիպ 50 բնական գոտիներից մեկն է։ Սակայն վագրերի կողքին, այս պարկում ապրում են նաեւ ընձառյուծներ, եղնիկներ եւ այլ կաթնասուններ, ինչպես նաեւ արջեր։

Ամեն կենդանի զբաղեցնում է կենդանաբանական այգում մի որոշակի տարածք, սակայն ինչպես վայրի բնության մեջ հաճախ տեղի է ունենում, կենդանիները հաճախ տարածքի համար պայքար են մղում։ Հենց այսպիսի մի տեսարանի են ականատես եղել Թադոբա պարկի այցելուները՝ լճակի մոտ հանգստացող Matkasur մականվամբ  7-ամյա վագրը չի ցանկացել իր տարածքը կիսել այնտեղ հայտնված էգ արջի եւ նրա ձագի հետ։ Վագրը հարձակվել է կենդանիների վրա եւ սկսել հետապնդել ամենաթույլին՝ ձագին։

Պայքարը տեւել է 15 րոպե՝ փոփոխական հաջողություններով։ Ի վերջո, արջը կարողացել է փրկել ձագին եւ վագրին հեռու քշել լճակի ափից։