Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Շվեդիային դիվանագիտական նոտա է ուղարկել՝ սիրիացի քրդերի նախկին առաջնորդ Սալիհ Մուսլիմին կալանավորելու պահանջով, հայտնում է CNN Turk-ը:

Չավուշօղլուի խոսքով՝ Սալիհ Մուսլիմը գտնվում է Ստոկհոլմում, տեղեկացնում է հեռուստաալիքը:

Անկարան Մուսլիմին մեղադրում է Թուրքիայում մի շարք խոշոր ահաբեկչություններին մասնակցելու մեջ եւ պահանջում նրան հանձնել: Ավելի վաղ Պրահայի քաղաքային դատարանը, չնայած քաղաքի դատախազության եզրակացություններին, Պրահայում ձերբակալված Մուսլիմին ազատելու որոշում էր ընդունել՝ պայմանով, որ նա չի խուսափի  իր գործով դատական նիստերից եւ չի լքի ԵՄ երկրների տարածքը: Երկուշաբթի Թուրքիան պահանջել էր Մուսլիմին ժամանակավորապես կալանավորել եւ Գերմանիայից արտահանձնել, որտեղ նա այդ ժամանակ գտնվում էր:

Պրահայի դատարանի կողմից Մուսլիմին ազատելու որոշումը հարուցել էր Անկարայի դժգոհությունը: Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել էր, որ Չեխիան նման գործողություններով աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին, Թուրքիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հղել չեխ գործընկերներին, Պրահայում Թուրքիայի դեսպանը սպառնացել էր երկկողմ հարաբերությունների վատթարացմամբ: Ի պատասխան Չեխիայի դիվանագիտական առաքելությունը հատուկ հայտարարությամբ հերքել էր Անկարայի բոլոր մեղադրանքները ահաբեկչությանն աջակցելու վերաբերյալ եւ վկայակոչել էր Չեխիայի դատական մարմինների անկախությունը: