Լեռնային Ղարաբաղում ականազերծմամբ զբաղվող կին սակրավորները դարձել են Էվի Քլիֆորդի հեղինակած հոդվածի հերոսուհիները, հոդվածը հրապարակվել է Al Jazeera կայքում։

Հոդվածում ներկայացված է Ղարաբաղում ականազերծմամբ զբաղվող կանանց պատմությունն ու լուսանկարները։ Նրանցից Նարինե Ասատրյանը պատմում է, որ ականազերծումը նման չէ ոչ մի այլ աշխատանքի, սակայն թույլ է տալիս ինչ–որ դրական գործ կատարել իր համայնքի համար։ Նարինեն 7 երեխաների մայր է եւ ապրում է ականազերծման վայրից ոչ հեռու, ուստի աշխատանքից հետո ամեն գիշեր տուն է  վերադառնում։

The HALO Trust–ը Ղարաբաղում գործում է 2000 թվականից։ 2015 թվականին HALO կազմակերպությունը աշխատանքի է վերցրել կանանց առաջին խմբին, որի մեջ  այժմ 11 մարդ է մտնում։ Գրեթե նույնքան էլ վերապատրաստում են անցնում։ «Խախտելով ավանդական գենդերային դերերը, նրանք կարողանում են իրենց ընտանիքը պահել եւ որոշակի փոփոխություն բերել իրենց համայքում»,–գրում է հեղինակը։

Ամեն աշխատակցուհի օրական ականազերծում է կատարում 10-11 քառակուսի մետր տարածքում։

Նրանցից ոմանք նշում են, որ ականազերծման ծանր պահերից է արտակարգ եղանակային պայմաններում աշխատելը։  Իսկ մեկ այլ սակրավոր էլ՝ Վարդիթերը նշում է, որ ամենածանրը երեխաներից հեռու գտնվելն է։ Նա երկուշաբթիից ուրբաթ աշխատում է եւ միայն հանգստյան օրերն է անցկացնում երեխաների հետ։