Սյունիքի մարզի Գորիս քաղաքում 2018թ. նախատեսվում է իրականացնել 54 մշակութային միջոցառում։ Այդ մասին Գորիսում կայացած խորհրդակցությանը վարչապետին զեկուցել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

Ըստ նախարարի, միջոցառումները  կմեկնարկեն հուլիսի 7-8-ին եւ կշարունակվեն մինչեւ ուշ աշուն: ԱՊՀ երկրներից ներկա կլինեն շուրջ 250 արտիստներ, նախատեսվում է պաշտոնական նախարարական պատվիրակությունների մասնակցություն: Հյուրեր կլինեն նաեւ հարեւան, ինչպես նաեւ այլ երկրներից:

Արմեն Ամիրյանի խոսքով՝ ծրագրում ներառված են նաեւ մնայուն միջոցառումներ՝ ԱՊՀ երկրների երիտասարդ քանդակագործների սիմպոզիումը, որի շրջանակում ստեղծվելու է 22 քանդակ, որոնք մնալու են Գորիսում, Սերո Խանզադյանի թանգարանի բացումը, գրախանութ-սրճարանի բացումը եւ այլն: Վարչապետը, ողջունելով կատարված աշխատանքը, ընդգծել է, որ միջոցառումները պետք է համահունչ լինեն Գորիս քաղաքի կոլորիտին եւ միջավայրին:

«Գորիսը տուրիստական մեծ ներուժ ունի. սիրուն, ճիշտ կազմակերպված քաղաք է, եւ հիմնական նպատակը պետք է լինի, որպեսզի իրականացվելիք միջոցառումները ոչ թե մեկանգամյա կամ մի քանի օրվա էֆեկտ ունենան, այլ հետագայում էլ ապահովեն Գորիսի զբոսաշրջային գրավչությունը», - ասել է Կարեն Կարապետյանը: