ԱՄՆ քաղաքացին, որը Հայաստանի կողմից արտաքսվել էր Միացյալ Նահանգներ, խախտել էր վաղաժամ ազատման պայմանները։

35-ամյա Բեն Րիսը վերադարձվել է Այովա նահանգի Թեյլոր շրջան, որտեղից նա փախել էր գրավից եւ հեռացել երկրից, հաղորդում է kmaland.com-ը՝ վկայակոչելով շերիֆի գրասենյակը։

Ռիսը ձերբակալվել էր 2016թ. դեկտեմբերին՝ սեռական բռնության երեք դրվագներով։ 2017թ. ապրիլին նա դատական գրավ էր մուծել, որից հետո փախել էր։

2017թ. դեկտեմբերին նրան ձերբակալել էին Հայաստանում։ Մի քանի կառավարական ծառայությունների մասնակցությամբ տեւական գործընթացից հետո Րիսն արտահանձնվել էր ԱՄՆ։ Գրավը կազմել է 1 մլն դոլար։  

Նշենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Երեւանում ԱՄՆ դեսպանատունը, Հայաստանը հանձնել է հետախուզվող ամերիկացու։

Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս Կրտսերը հանդես էին եկել հայտարարությամբ:

«Ինտերպոլի» ուղիներով հետախուզվող ԱՄՆ քաղաքացին ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձերբակալվել է 2017թ. դեկտեմբերին՝ Երեւանում։ Մեկ տարի առաջ այդ անձին ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել երեխայի նկատմամբ երեք դրվագով սեռական բնույթի արարք կատարելու  համար։

Նախքան դատական քննությունը գտնվելով ազատության մեջ հսկողության ներքո՝ տվյալ անձը փախուստի է դիմել՝ ԱՄՆ-ից գալով ՀՀ, ինչի կապակցությամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։

ԱՄՆ Պետական դեպարտամենտի, Վաշինգտոնում եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Դիվանագիտական անվտանգության ծառայության գործակալների եւ ՀՀ իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում վերջինների կողմից հետախուզվողն արագ հայտնաբերվել ու ձերբակալվել է: ՀՀ գլխավոր դատախազությունը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը, ԱՄՆ մարշալի ծառայության միջազգային քննության մասնաճյուղը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը սերտորեն համագործակցել են հանձնման գործընթացում։

Երեխայի նկատմամբ սեռական բնույթի արարքի համար հետախուզվող ՀՀ-ում հայտնաբերված ԱՄՆ քաղաքացին հանձնվել է ԱՄՆ-ին