Սումգայիթի ողբերգության պատմությունը առաջին հերթին լարել է հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների հարաբերությունները։ Այդ մասին Վրաստանի խորհրդարանում հայտարարությամբ հանդես է եկել պատգամավոր Ռուսլան Պողոսյանը՝ «Վրացական երազանք» կուսակցությունից։

Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ խորհրդարանում նա հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ․ «Խորհրդային միության փլուզումը մի շարք ողբերգական իրադարձություններով է ուղեկցվել: Արյունալի էթնիկ կոնֆլիկտներ են եղել, զոհվել են բազմաթիվ մարդիկ: Այս տարի լրանում է Սումգայիթում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 30-րդ տարելիցը:

Խորհրդային միության փլուզման ժամանակ սա խաղաղ բնակչության առաջին զանգվածային արյունահեղությունն էր: Սումգայիթի ողբերգության պատմությունը առաջին հերթին լարել է հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների հարաբերությունները, որոնք, ցավոք, այսօր նույնպես հեռու է ցանկալի խաղաղությունից:

Ցավով ցանկանում եմ հիշել այն խաղաղ բնակիչներին, ովքեր մահացել են ԽՍՀՄ փլատակներում եւ ցանկանում եմ, որ Սումգայիթի արյունահեղությունը որեւէ այլ վայրում երբեք չկրկնվի»։