Աֆրիկյան երկրները պետք է զգույշ լինեն, երբ ընդունում են չինական փոխառությունները, քանի որ կա ինքնիշխանության կորստի վտանգ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ով այժմ աֆրիկյան երկրներով շրջագայություն է կատարում, հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «չի փորձում խանգարել չինական դոլարների հոսքը Աֆրիկա»: «Կարեւոր է, որ աֆրիկյան երկրները ուշադիր դիտարկեն այդ համաձայնագրերի պայմաններն եւ չկորցնեն իրենց ինքնիշխանությունը», - Եթովպիայի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսում ասել է Թիլերսոնը:

Միացյալ Նահանգները Աֆրիկայի օգնության գլխավոր դոնորն է, սակայն 2009 թվականին Չինաստանը դարձավ առաջատար առեւտրային գործընկեր`միլիարդավոր դոլարների ներդրումներ կատարելով ենթակառուցվածքային նախագծերում:

Եթե կառավարությունը ընդունի չինական վարկը եւ «դժբախտության մեջ հայտնվի», ապա կարող է «կորցնել իր սեփական ենթակառուցվածքի կամ ռեսուրսների վերահսկողությունը դեֆոլտի միջոցով», - ասել է Թիլերսոնը:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Զիմբաբվե կատարած այցի ժամանակ, լրագրողներին ասել է, որ Թիլերսոնը  չպետք է քննադատի Չինաստանի հարաբերությունները աֆրիկյան երկրների հետ: «Աննպատակահարմար էր քննադատել տերերի հարաբերությունները, երբ նա հյուր է», - ասել է նա: