Ժառանգության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը չի բացառում, որ մարտի 10–ից սկսվեն ընդվզումները երկիրը այս ճգնաժամային իրավիճակից հանելու համար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Արմեն Մարտիրոսյանը, սակայն փակագծերը չի բացել։

Նշենք, որ մարտի 10–ին Ազատության հրապարակում հանրահավաք է անելու «Հանուն Հայաստան պետության» ճակատը, որի կազմում են Արմեն Մարտիրոսյանը, Ալեք Ենիգոմշյանը, Պետրոս Մակեյանը, Լեւոն Բարսեղյանը, Կարապետ Ռուբինյանը,  Ալբերտ Բաղդասարյանը, Արմեն Հովհաննիսյանը։

Արմեն Մարտիրոսյանն ասաց,  որ հանրահավաքի ժամանակ հավանաբար խոսք կլինի նաեւ հետագա անելիքների մասին։  Այս ընդվզումը լինելու է ոչ թե կոնկրետ Սերժ Սարգսյանի վարչապետական ծրագրերի դեմ,  այլ ավելիլայն օրակարգով՝ համակարգային փոփոխությունների։

Հարցին՝ հնարավո՞ր է միանան «Ելք» դաշինքին, եթե դաշինքում միասնական դիրքորոշում լինի Ազատության հրապարակ գործուղվելու վերաբերյալ, Մարտիրոսյանը պատասխանեց.  «Ես ասել եմ իմ կարծիքը, որ եթե ուզում ենք երկրում իրավիճակ փոխել, պետք է բոլոր ռեսուրսները կենտրոնացնենք, մեծ միավորում պետք է լինի եւ ով որ ցանկանում է մաս կազմել այդ փոփոխություններին,  նա պետք է հնարավարություն ունենա դրսեւորվելու։ Հասարակական դաշտ, ակտիվ մարդիկ, պետք է որեւէ սահմանափակում չլինի»։ Արմեն Մարտիրոսյանը մտավախություն չունի, որ ժողովուրդը հնարավոր է չմիանա իրենց  ընդվզմանը։  «Սպորտում այսպիսի հասկացություն կա, երբ դուրս ես գալիս պայքարի, կարող է պարտվես, բայց երբ դուրս չես գալիս պայքարի, միանշանակ, պարտվում ես։ Եթե հրապարակ դուրս չես գալիս, ժողովուրդը հաստատ դուրս չի գա, եթե դուրս գաս  եւ առաջարկով հանդես գաս, դուրս կգա»։