Անգլիայում ոստիկանությունը նյարդակաթվածային գազով ՊՀՎ նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալին թունավորելու պատճառով ավելի քան 20 տուժածների մասին է հայտնել, հաղորդում է ՌԲԿ-ն:

Sky News հեռուստաալիքին Ուիլտշիրի ոստիկանության պետի պաշտոնակատար Քիր Փրիթչարդը պատմել է, որ Սոլսբերիում նախկին ռուսական գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլիային թունավորելու պատճառով 21 մարդ է օգնության համար դիմել:

Նրանցից մեկը ոստիկան Նիք Բեյլին է, որն առաջիններից է ժամանել դեպքի վայր:

Բեյլին հոսպիտալացվել է այնպես ինչպես եւ Սկրիպալն աղջկա հետ, սակայն  ի տարբերություն նրանց գիտակից վիճակում է:

Մյուս տուժողները արյան անալիզ են հանձնել եւ տուն են ուղարկվել:

Ավելի վաղ Բրիտանիայի ՆԳ նախարար Ամբեր Ռադդը նյարդակաթվածային նյութի կիրառումն անվանել էր լպիրշ հանցագործություն: Ընդ որում նա կոչ էր արել  հրաժարվել այդ թեմայով շահարկումներից եւ սպասել պաշտոնական հետաքքննության արդյունքներին:

 Ռադը նաեւ նշել է, որ փորձագետներին հաջողվել է հաստատել, թե ինչ  գազ է կիրառվել, բայց հրաժարվել է անվանել այն:  Նա միայն ասել է, որ այն շատ հազվագյուտ է: