ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսային սակագների սահմանման մասին, հաղորդում է ABCNews-ը: Պողպատի ներմուծման սակագինը կկազմի 25 տոկոս, ալյումինի համար՝ 10 տոկոս: Դրանք ուժի մեջ կմտնեն 12 օրից:

«Մենք պետք է պաշտպանենք եւ զարգացնենք մեր պողպատաձուլական եւ ալյումինի արդյունաբերությունը, միեւնույն ժամանակ մեծ ճկունություն եւ համագործակցություն ցուցաբերենք նրանց հետ, ովքեր իսկական ընկերներ են եւ արդարացիորեն են վարվում առեւտրի եւ ռազմական հարցերում», - ասել է Թրամփը: Ըստ նրա՝ սակագները սահմանելով, նա պաշտպանում է «ԱՄՆ ազգային անվտանգությունը»: «Ուժեղ պողպատի եւ ալյումինե արդյունաբերությունները կենսականորեն կարեւոր են մեր ազգային անվտանգության համար: Չկա պողպատ, չկա երկիր », - ասել է նա:

Նա նշել է, որ սակագները դեռ չեն տարածվելու Կանադայի եւ Մեքսիկայի վրա:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պողպատի եւ ալյումինի ներմուծման համար մաքսային սակագներ կսահմանի: Պողպատի ներմուծման սակագինը կկազմի 25 տոկոս, ալյումինինը՝ 10 տոկոս: Այս որոշումը Եվրոպայի մտահոգությունն առաջացրեց, որը Միացյալ Նահանգների դեմ հակազդեցությունների կիրառման մասին հայտարարեց: